7or.am-ը գրում է․ Նյութի վերնագիրն առաջին հայացքից անտրամաբանական է, սակայն միայն առաջին հայացքից։
1988–ի Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էր «Ղարաբաղ» կոմիտեն, որի անդամների ճնշող մեծամասնությանն այլ հարց էր հետաքրքրում՝ իշխանությունը։ Այդ մասին խոսել էր նաև Գորբաչովն, ով հայտարարում էր, թե նրանք, այսինքն՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ձգտում են իշխանության, այլ ոչ թե Ղարաբաղի հարցով են մտահոգված։
«Ղարաբաղ» կոմիտեի հենքի վրա ձևավորվեց ՀՀՇ–ն, որը իշխանության գալուց հետո իրեն պահեց նեոբոլշևիկյան ոճով։ Տնտեսական հարաբերությունները, շուկայականի անվան տակ, դարձան գռեհիկ։ Կարկառուն ՀՀՇ–ական Էդիկ Եգորյանի խոսքերով՝ Հայաստանում ձևավորվեց նոմենկլատուրային կապիտալիզմ։
Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղի հարցին, ապա «Ղարաբաղ» կոմիտեի անդամից մինչև ՀՀ նախագահի աթոռին հասած Լևոն Տեր–Պետրոսյանը 1992–ին, այսինքն՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, միջազգային մամուլով հայտարարում էր, որ ինքը պատրաստ է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում։ Եվ սա այն դեպքում, երբ Տեր–Պետրոսյանն իշխանության էր եկել «Ղարաբաղը մերն է ու մերն է լինելու», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Միացո՛ւմ» կարգախոսներով։
Քաղաքականության անբարոյականությունը հենց այդպես մտավ Հայաստանի քաղաքական կյանք՝ դառնալով խաղի կանոն։
Նիկոլ Փաշինյանն այդ քաղաքական անբարո միջավայրի ծնունդն է՝ ՀՀՇ–ի թերմացքը։ ՆեոՀՀՇականների այսօրվա իշխանությունը դարձավ փորձանքաբեր, ու ինչքան էլ «Ղարաբաղ» կոմիտեի առանձին անդամներ փորձեն տարանջատվել Նիկոլից ու գցել նրան այլոց գրպանը, չի ստացվելու։
Նիկոլ Փաշինյանը հիմա գործնականում ցույց է տալիս, թե ինչ էր իրականում նշանակում «Ղարաբաղի հարցը լուծենք, որ Սերգո ջանը լավ ապրի» բանաձևը։ Ադրբեջանը 7–ի փոխարեն 9 ու կես շրջան է ստացել, բայց չի հանգստանում ու պահանջում է ամբողջ Հայաստանը։ Այդպես էր լինելու նաև տխրահռչակ փուլային տարբերակի դեպքում։ Ու ոչ մի խաղաղապահ ու ստորագրած թուղթ չէր կանգնեցնելու նրան, ինչպես որ հիմա չի կանգնեցնում։
Ի դեպ, «Ղարաբաղ» կոմիտեի գրեթե բոլոր անդամները (նրանք, ովքեր ողջ են) լռում են, չեն արձագանքում Նիկոլ Փաշինյանի արածներին ու ասածներին։ Բացառութամբ Վազգեն Մանուկյանի, մյուսները լուռ սատարում են Նիկոլին։ Չեն հակադարձում, երբ Նիկոլը փորձում է սեփական սրիկայությունները գցել նրանց գրպանը։ Չեն հերքում, որ 1991–ին Ալմաթիում հայկական կողմը վերապահում է ներկայացրել Ղարաբաղի մասով և Ղարաբաղն, ըստ այդմ, Ադրբեջանի մաս չի կարող համարվել Ալմաթիի հռչակագրով։
«Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ հիմա ոչ թե ներողություն են խնդրում ու ընդունում, որ սխալվել են «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք»–ի մասով, այլ դեռ մի բան էլ ագրեսիվ տարածում են, թե բա տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք։ Նախ ակնհայտ է, որ ճիշտ չէին, բայց եթե նույնիսկ իրենք այդ կարծիքի են, ապա պետք է ժամանակին ներողություն խնդրած լինեին, որ սխալվել են Ղարաբաղյան շարժման օրերին, մոլորության մեջ են եղել, քանզի Ղարաբաղը հնարավոր չէ Ադրբեջանից դուրս տեսնել։ Ներողություն խնդրեին, որ խաբել են կամ սխալվել «Պայքար, պայքար մինչև վերջ»–ի պահով ու դուրս գային քաղաքականությունից, այլ ոչ թե դեմքի լուրջ արտահայտությամբ անբարոյականություն քարոզեին։ Հատկապես որ Նիկոլ ծնած անբարո միջավայրը մեծ մեղք ունի այսօրվա վիճակի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը