23 01 2020

Պոպուլիզմն աշխարհում և Հայաստանում. ինչպես պայքարել․ Politeconomy.org

Պոպուլիզմն աշխարհում և Հայաստանում. ինչպես պայքարել․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Հասկանալու համար, թե երբ և ինչ պատճառով է առաջացել այս երևույթը, անրադառնանք պատմությանը:

Դեռ Հին Հռոմում՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում, գոյություն ուներ, այսպես կոչված, «պոպուլյարների» շարժում, որը հետապնդում էր պլեբեյների շահերի ներկայացում՝ հակադրվելով «օպտիմատներին», որոնք պաշտպանում էին, այսպես կոչված, «նոբիլիտետի» շահերը: Վերջինս իրենից ներկայացնում էր պատրիցիաներից բաղկացած տարբեր խմբերի միավորում, որտեղ գերակա էին բացառապես պատրիցիաների շահերը:

Այն ժամանակ էլ կային պոպուլիստների առաջնորդներ, օրինակ՝ ժողովրդական տրիբուն Ապուլեյ Սատուրնինը, ովքեր ամբոխի առջև ճառեր էին արտասանում և պահանջում սահմանափակել պատրիցիաների իրավունքները: Հետագայում աշխարհը զարգանում էր, պոպուլիզմի ձևերն էին փոփոխվում, սակայն ոչ նրա բովանդակությունը:

Սովորաբար, պոպուլիզմը լինում է երկու տեսակի՝ սոցիալական բնույթի և ազգայնական: Երկու դեպքում էլ պոպուլիստների հիմնական հենարանները երկուսն են։ Առաջինը՝ թշնամու կերպար ձևավորելն է, որպեսզի դրա հակադրման շուրջ հեշտ լինի համախմբել ամբոխին, և երկրորդը՝ նոր կյանքի սպասումներ առաջացնելը: Եվ կարևոր է, որ այդ սպասումը համոզիչ լինի ու մոտ ապագային չառնչվի:

Իսկ պոպուլիստների կողմից առաջարկվող խնդիրների լուծման ձևը նույնպես պիտի շատ հասարակ լինի, որ հասկանալի լինի նույնիսկ հանրության ամենաթերզարգացած խավի համար:

Այդ իմաստով, պոպուլիզմով էին տառապում և՛ ֆրանսիացի հեղափոխականները, և՛ ռուս նարոդնիկները, և՛ ամերիկացի հանրապետականները:

Դասական պոպուլիզմի օրինակ էին ռուս բոլշևիկները, ովքեր 1917-ին մարդկանց ամենահեշտ լուծումն էին առաջարկում՝ «հողը՝ գյուղացուն, գործարանները՝ բանվորներին»: Բնականաբար, բոլշևիկ պոպուլիստները պիտի ունենային թշնամի, որպեսզի կարողանային համախմբել պլեբսին: Դրանք հանրության ունևոր խավերն էին՝ այսպես կոչված, բուրժուական դասակարգը: Այդ դասակարգի ոչնչացումից հետո, երբ 30-ական թվականներին սկսվեց սով, պոպուլիստ-իշխանությունը հորինեց «նոր դասակարգային թշնամիներ»՝ ի դեմս նախկին իրենց գործընկերների: Արդյունքում, միայն անցյալ դարի 30-ական թվականներին սպանվեց ավելի քան 1.5 միլիոն «հակահեղափոխական», իսկ մեկ տասնյակ միլիոնից ավելի մարդ «համտեսեց» գուլագի զրկանքները: Պոպուլիստական իշխանության համար ներքին թշնամիներին վերացնելը քիչ էր: Պարզվում է՝ որպեսզի այդ իշխանությունը գոյատևեր, հռչակվեց այն թեզը, թե բարժուական դասակարգը պետք է վերանա ողջ աշխարհով մեկ, որպեսզի կոմունիզմը հաղթանակ տանի ողջ աշխարհում: Միայն այդ դեպքում մարդիկ կհասնեն իրենց երազանքներին:

Բնականաբար, բոլշևիկյան պոպուլիզմի դեմ Արևմուտքը փորձում էր դիմադրել բոլոր միջոցներով: Գլխավորը՝ մարդկանց աղքատությունը հաղթահարելն էր: Իսկ դրա համար անհրաժեշտ էին կապիտալիզմի բարեփոխման նոր ձևեր:

Անգլոսաքսոնական աշխարհում ծնվեց տնտեսական քեյնսական գաղափարախոսությունը, որի համաձայն՝ գլխավոր նպատակը պիտի լինի, այսպես կոչված, «բարեկեցիկ պետության» ստեղծումը: Սակայն 1929 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը էապես փոխեց իրավիճակը: Մասնավորապես կենտրոնական եվրոպայի մի շարք երկրներում և Իսպանիայում առաջացել էր լրջագույն վտանգ, կրկնելու խորհրդային Ռուսաստանի փորձը: Ահա, թե ինչու տվյալ երկրների վերնախավերը բոլշևիկյան պոպուլիզմի դեմն առնելու համար ձևավորեցին ալտերնատիվ պոպուլիստական շարժումները՝ նացիզմն ու ֆաշիզմը: Պարզվեց, որ ֆաշիզմը կոմունիզմին հակադրելու ամենահեշտ միջոցն էր: Քանզի ֆաշիզմը կոմունիզմի պես նույնպես պոպուլիստական բնույթ ուներ: Եթե բոլշևիկների գլխավոր թշնամի հռչակվել էին հարուստները, ապա նացիստների գլխավոր թշնամի հռչակվել էին այլազգիները՝ հրեաների հետ միասին: Եթե ռուս բոլշևիկների նպատակն էր՝ ողջ աշխարհը դարձնել կոմունիստական, ապա նացիստների նպատակը ողջ աշխարով մեկ 3-րդ ռեյխի գերակայության գաղափարն էր: Ընդորում, թե՛ կոմունիստները, և թե՛ նացիստները շարքային քաղաքացիներին խոստանում էին երջանիկ և բարեկեցիկ ապագա: Կոմունիստները՝ հարուստներին կուլակաթափելու միջոցով, իսկ նացիստները՝ այլ ազգերին ստրուկ դարձնելու և նրանց հարստությունը վերցնելու միջոցով: Երկու դեպքում էլ, պոպուլիստներն ունեին սոցիալական հենարան՝ ի դեմս զոմբիացած հանրության:

Այսպիսով, պոպուլիզմը պարտություն է կրում այն դեպքում, երբ մի պոպուլիզմին հակադրվում է մեկ այլ պոպուլիզմ: Սակայն, վերջնարդյունքում պոպուլիզմը սկսում է կազմալուծվել այն դեպքում, երբ կամ սպասումների հանդեպ է վստահությունը պակասում, կամ էլ երբ տեսանելի թշնամին դադարեցնում է իր գոյությունը:

Հետագայում, երբ կոմունիստական պոպուլիզմն սկսեց անկում ապրել, ամերիկացիների ջանքերով պոպուլիզմի տարրեր մտցվեցին բոլոր տեսակի հակակոմունիստական և չափավոր ազգայնական շարժումներում:

Օրինակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկած բոլոր ազգային-դեմոկրատական շարժումները իրենց մեջ պարունակում էին պոպուլիստական որոշումներ:

1991-ին ռուսական դեմոկրատական շարժումը՝ Ելցինի գլխավորությամբ, եկավ իշխանության՝ հիմնվելով երեք հիմնական կետերի վրա՝

Առաջին՝ պայքարել կոմունիստական ռեժիմի դեմ

Երկրորդ՝ պայքարել կոռուպցիայի դեմ

Երրորդ՝ առաջարկել ռուս ժողովրդին «նոր լուսավոր կապիտալիստական ապագա»:

Մեզ մոտ ղարաբաղյան շարժման մեջ նույնպես կար պոպուլիզմի մեծ չափաբաժին: Օրինակ, որ «միայն ջերմուկով կարող ենք բարեկեցիկ կյանք ապահովել, եթե անկախ լինենք Մոսկվայից»:

Սակայն մեզ մոտ շարժման պոպուլիստական կոմպոնենտը արագ ավարտվեց երկու պատճառով: Նախ թշնամին՝ ԽՍՀՄ-ը վերացել էր, և երկրորդ՝ Հայաստանը հայտնվեց ծանր վիճակում, որի արդյունքում մարդկանց կենսամակարդակը անկում ապրեց մոտ 10 անգամ:

Հասկանալի պատճառով՝ շարժման գործիչների պոպուլիստական կոմպոնենտները վերացան, և նրանք դարձան էլիտիստական գործիչներ: Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և մյուս գործիչները արդեն իրենց մեսիջները ուղղում էին ոչ թե զանգվածներին, այլ իրենց շրջապատող էլիտաներին: Նրանք իրենց բնույթով շատ տարբեր գործիչներ էին և տարբեր արդյունքներ են արձանագրել: Սակայն մեկ բանով նրանք բոլորը դարձել էին իրար նման: Նրանք դադարել էին լինել պոպուլիստ գործիչներ, ինչպես որ 88-90 թվականներին էին:

Երվանդ Բոզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ