01 02 2023

Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ․ 7or.am

Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ․ 7or.am

7or.am-ը գրում է․

Արցախը շրջափակված է նախորդ տարվա դեկտեմբերի 12–ից։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Լաչինի միջանցքի հարցը թող ղարաբաղցիք, ադրբեջանցիք ու ռուսները լուծեն, մենք չենք խառնվելու։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Լաչինի միջանցքի հարցը դուրս մղվի մեր օրակարգից, դառնա սովորական մի բան, որը տեղի է ունենում ոչ թե Արցախում ապրող հայերի, այլ աշխարհի հեռավոր մի երկրում ապրող անհայտ մի ազգի հետ։

Նիկոլի քարոզչամեխն այն է, որ Արցախը պետք է հանձնել, որ Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում Լաչինի միջանցքի փակվելն ավտոմատ կերպով ընկալվում է որպես դրական երևույթ։ Նիկոլենք պողոսների մոտ հենց այդ միտքն են ուզում տարածել, որ Արցախի կորուստն այնքան էլ վատ բան չէ, քանզի դրանով հնարավոր է դառնում «խաղաղության դարաշրջանը»։

Ինչ վերաբերում Արցախին, ապա այն դիմանում է։ Ի դեպ, դիմանալ բառն ամենաշատն է օգտագործվում Արցախի շրջափակման համատեքստում։ Ասում են՝ պետք է դիմանալ։

Այո՛, պետք է դիմանալ, բայց հարց է առաջանում, թե ինչին և ինչքան պետք է դիմանալ։ Պարզ է, որ շրջափակումն այս հավերժ չի կարող տևել ու հանգուցալուծում է պետք։

Հայաստանի իշխանությունն առաջարկում է ղարաբաղցիներին լեզու գտնել Ալիևի հետ ու ապրել Բաքվի հովանու ներքո։ Նույն կարծիքին է նաև Ալիևը։ Ադրբեջանի նախագահը չի թաքցնում, որ իրեն պետք է Ղարաբաղի տարածքն՝ առանց հայերի։ Այսինքն՝ Նիկոլի ու Ալիևի սցենարով Արցախի 120 հազար մեր հայրենակիցները լավագույն դեպքում կարող են փախչել Արցախից, վատագույն դեպքում՝ ենթարկվել ցեղասպանության։ Նիկոլն այդ մասին անոնս արեց կառավարության նիստում։

Ինչ մնում է Արցախի իշխանություններին, ապա նրանք միատարր չեն։ Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանն առաջարկում է քիրվայություն անել Ադրբեջանի հետ․ դրա հետևանքներն ամբողջությամբ տեղավորվում են ալիևանիկոլական սցենարի մեջ։ Կա նաև հակառակ տեսակետը, որ պետք է դիմանալ ու չզիջել Ադրբեջանի պահանջներին, քանզի ամեն մի զիջումից հետո Ադրբեջանը նոր պահանջներ կդնի ու վերջում կհասնի Արցախի հայաթափմանը։ Դիմանալու մի մասը հենց դրան է վերաբերում՝ չզիջել Ադրբեջանին։ Բայց ինչքա՞ն դիմանալ։ Այս հարցի պատասխանն արդեն ուրիշ տեղ պետք է փնտրել։

Դիմանալու մյուս մասն այլ հարթության մեջ է։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Դա տեղի է ունեցել Պրահայում։ Դրանից հետո Ալիևը փակեց Լաչինի միջանքցը։ Իսկ դա նշանակում է, որ մինչև պրահյան համաձայնությունները չջրվեն, ու մենք Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականությունից չհրաժարվենք, Լաչինի միջանցքի ու Արցախի հետ միշտ խնդիրներ ենք ունենալու։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում քաղաքականության փոփոխություն է պետք։ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, պետք է հեռացվի։ Ինչքան շուտ, այնքան քիչ կարիք կլինի դիմանալու։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ