News.am-ը գրում է․
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, քանի դեռ նրան այդ մասին չի ասել ԱԺ նախագահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարիբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղկությանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում պարգեւավճար ստանալ ցանկացող ՔՊ-ական պատգամավորների օգնականների պահանջով որոշում է կայացվել, որ Նարիբեկյանը պետք է հեռանա պաշտոնից։
«Ես ԱԺ նախագահին ենթակա անձ եմ, աշխատանքից ազատվելու դիմում գրելու առաջարկը միայն նա կարող է անել ինձ, պատգամավորների օգնականների պահանջով ես չեմ կարող ազատման դիմում գրել։ Եթե ԱԺ նախագահը չցանկանա աշխատել ինձ հետ, ես կհարգեմ այդ որոշումը»,- նշեց նա։
Նարիբեկյանը հաստատեց, որ որոշ պատգամավորների օգնականներ, իրոք, պարգեւավճար ստանալու պահանջ են դրել, սակայն չցանկացավ նշել, թե նրանք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականնե՞րն են, թե՝ ոչ, ինչպես նշվում է մամուլում։
«Ես անուններ չտամ, որովհետեւ ցանկը մեծ է, եւ ես չեմ անդրադարձել այդ ցանկին, բայց ցանկացողներ կային, այո։ Ամեն դեպքում, պարգեւավճար օրենքով սահմանված կարգով տարին երկու անգամ կարող են ստանալ պետական ծառայողները, մյուս աշխակիցները՝ ներառյալ օգնականները, ոչ։ Ինձ հրաժարականի մասին ոչ մեկը ոչինչ չի ասել, եթե օգնականները պատգամավորների հետ են խոսել ու այդպիսի որոշում է կայացվել, ես դեռ տեղյակ չեմ։ Աշխատանքային այցով Փարիզում եմ, ամենաուշը երկու օրից կվերադառնամ, եւ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը