26 01 2023

Ուկրաինական ճգնաժամ․ մինչև վերջին եվրոպացին. 7or.am

Ուկրաինական ճգնաժամ․ մինչև վերջին եվրոպացին. 7or.am

7or.am-ը գրում է․ Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունը մտնում է է՛լ ավելի թեժ փուլ։ ԱՄՆ–ի ճնշմամբ Գերմանիան «Լեոպարդ – 2» տանկեր կմատակարարի Ուկրաինային։

Ամերիկացիները զուտ ձևականորեն մի քանի տասնյակ տանկ կտան, բայց մնացածը կթողնեն Գերմանիայի ուսերին։

Թեև Գերմանիայի հանրային կարծիքի ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը, սակայն Գերմանիայի նիկոլները, այն է՝ խամաճիկային իշխանությունները կատարեցին Վաշինգտոնից իջեցրած հրահանգը և տանկեր կտան Ուկրաինային։ Դա նշանակում է, որ պատերազմը մտնում է շատ ավելի մարդակեր ու արյունոտ փուլ։ Դա նաև նշանակում է, որ ԵՄ–ն է մտնում ուղիղ հակամարտության մեջ ՌԴ–ի հետ, ինչի հետևանքները սարսափելի է կանխատեսելը։

Եթե գերմանական տանկերը հասնեն մարտի դաշտ, ապա 2–րդ համաշխարհային պատերազմից հետո 1–ին անգամ միմյանց կբախվեն ռուսական ու գերմանական տանկերը, որոնք տարատեսակ հուշեր ու ստերեոտիպեր կարթնացնեն՝ այդտեղից բխող գործողություններով։ Եթե մինչև հիմա ռուսական հասարակության մի մասն անտարբեր էր ճգնաժամի նկատմամբ, չէր հասկանում դրա իմաստը և ներքուստ նաև քննադատում էր Կրեմլին, ապա հիմա շատերի մոտ գերմանական տանկերը կարող են ֆաշիզմի հարձակման հետ ասոցացվել, ինչը կտրուկ կփոխի հանրային կարծիքը։

Գերմանացի ժողովուրդը չի ուզում, բայց Գերմանիայի իշխանությունը կատարում է այն, ինչը թելադրվում է դրսից։ Գերմանական տանկերի ներգրավումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ը որոշել է ոչ միայն մինչև վերջին ուկրաինացին պայքարել Ռուսաստանի դեմ, այլ նաև՝ մինչև վերջին եվրոպացին։ ԱՄՆ-ն որոշել է մաշեցնող, հյուծող, ոչնչացնող պատերազմ մղել Ռուսաստանի դեմ՝ այլոց ձեռքերով։ Ռուսաստանում այս ամենը տեսնում ու պատրաստվում են։

Կրեմլում հասկացել են, որ շուրջ 20 տարի «Պատյոմկինյան գյուղեր» են կառուցվել։ Հիմա ռուսական բանակի մոդեռնզացիան, հին ու բարի ավանդույթի համաձայն, իրականացնում են հընթացս՝ պատերազմին զուգահեռ։

Ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա ՌԴ–ն պարտվելու տարբերակ չունի։ Միջուկային տերության պարտությունը ապոկալիպտիկ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ–ը խնդիր է դրել ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ԵՄ–ն օգտագործել որպես թնդանոթի միս ու նույնպես չի պատրաստվում պարտվել։

Ավելորդ է նշելը, որ այս ամենն ուղղակի ազդեցություն է ունենում և ունենալու Հայաստանի վրա։ Նրանք, ովքեր երազում են Ռուսաստանի պարտությունը, ավտոմատ ձևով երազում են նաև Հայաստանի ու Արցախի ոչնչացման մասին։ Ու կապ չունի՝ գիտակցո՞ւմ են նրանք այս ամենը, թե՞ ոչ։

Մեզ ձեռնտու է, որ ուկրաինական ճգնաժամն արագ հանգուցալուծվի ոչ ՌԴ պարտությամբ։ Մնացածը՝ դատարկ կամ դավաճանական խոսակցություններ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ