01 09 2022

Կրթական համակարգի ճգնաժամի սուր կողմերը. «Փաստ»

Կրթական համակարգի ճգնաժամի սուր կողմերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն այն այս տարի առաջին հերթին բացառիկ է նրանով, որ դիմորդների թիվն անհամեմատ պակասել է, և բուհերում մեծ թվով տեղեր թափուր են մնացել, այդ թվում՝ այնպիսի մասնագիտական ուղղություններով, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում։ Այս իրողությունը մի շարք համակարգային խնդիրների մասին է վկայում։ Առաջին հերթին աչքի է զարնում դեմոգրաֆիկ խնդիրը։ Այսինքն, եթե երիտասարդության քանակը նվազում է, բնականաբար, դրան զուգահեռ նվազելու է նաև բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակը։ Այնինչ, թեկուզ տրիվիալ է, բայց պարտավոր ենք նորից ու նորից շեշտել՝ կրթված և որակավորում ունեցող երիտասարդությունը յուրաքանչյուր պետության և տնտեսության շարժիչ ուժն է։

Մյուս կողմից էլ նկատելի է կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդները չեն ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են պատահական և համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հայտնվում ամենաբարձր և ամենապատասխանատու պաշտոններում։ Եվ պատահական չէ, որ անգամ մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ իշխանական պաշտոնյաներից ոմանք, իրենց շեֆի գլխավորությամբ, նույնիսկ ընդունակ չեն եղել ավարտել բուհը կամ բուհից դուրս են մնացել, սակայն դա չի խանգարում, որպեսզի նրանք հանրության համար վճռական որոշումներ ընդունեն։ Անգամ հայտնի են դեպքեր, երբ իշխանական որոշ կարկառուն ներկայացուցիչների կենսագրության ամենաուշագրավ հատվածը վերաբերում է ոչ թե կրթությանը կամ մասնագիտական առաջընթացին, այլ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքներին մասնակցելուն կամ «քայլելուն»։

Եվ ընդհանրապես, այս իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ ակնհայտ լինի՝ կրթությունն այլևս շարժառիթ չէ։ Ավելին, նրանք խրախուսում են անգրագիտությունը և այնպես անում, որ երեխաների շրջանում կորչի սովորելու ձգտումը։ Դրա համար էլ, անկախ նրանից, թե աշակերտը գիտելիք ունի կամ չունի, փոխադրվելու է հաջորդ դասարան, ինչը նշանակում է՝ ընդհանրապես անուշադրության մատնել վատ առաջադիմություն ունեցող երեխաներին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման անվան տակ նախաձեռնել են կամավոր ատեստավորման համակարգն այնպես, որ ինչքան հնարավոր է՝ քիչ թվով ուսուցիչներ կարողանան հաղթահարել անհրաժեշտ միավորների շեմը ու աշխատավարձի բարձրացում ունենան։ Բացի այդ, ատեստավորման համակարգը հեռու է կրթական որակի ապահովման խնդրից, քանի որ ուսուցիչը կարող է շատ բարձր միավորներ վաստակել թեստից, սակայն չկարողանա նյութը մատչելի ու հասկանալի կերպով մատուցել աշակերտներին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակաշրջանում, առավել ևս՝ իշխանազավթման փուլում շրջանառում էր կրթական համակար գը ապա կու սակ ց ա կ ա նաց ն ե լ ո ւ լոզունգները։ Հատկապես հայտնի է 2018 թ-ի ապրիլ յան ընդվզման օրերին Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն:

Սակայն իշխանություն ստանալուց հետո Փաշինյանը սկսեց այնպիսի քաղաքականություն վարել, որ կրթօջախներում կրթության փոխարեն առաջնային պլան մղվեցին ներքին հակասություններն ու քաղաքական հայացքների հիման վրա ի հայտ եկած խժդժություններն ու գզվռտոցը։

Արդյունքում կարևորագույն նշանակություն ունեցող կրթական հաստատությունները բարձիթողի վիճակի մատնվեցին այնքան ժամանակ, մինչև իշխանություններն իրենց թիմակիցներով լցրեցին բուհերի խորհուրդներն ու ռեկտորների պաշտոնները։ Բացի դրանից, Փաշինյանն ու իր թիմակիցները խոստանում էին, թե բարեփոխելու են կրթական համակարգը և համապատասխանեցնելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին, սակայն այս մասին պոպուլիստական ճառեր ասելուց բացի, նրանք ոչինչ չարեցին։ Դրան զուգահեռ, իրենց պաշտոնավարման շրջանում իշխանությունները շարունակաբար հարվածներ են հասցնում կրթության արժեհամակարգային բաղադրիչին՝ մասնավորապես հայագիտությանը՝ միաժամանակ խրախուսելով օտարամոլությունը։

Եվ պատահական չէ, որ դրսից միջոցներ ներգրավելու նպատակով մեր կրթական համակարգը օտար ծրագրերի իրականացման հետևանքով դարձել է ուղղակի փորձադաշտ։ Ժամանակակից աշխարհում կրթությունը և գիտությունը դիտարկվում են պետության կարևորագույն բաղադրիչներից մեկը, բայց մեր կրթական համակարգը ճգնաժամի մեջ է, որը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ պետականության հետագա կենսագործունեության համար։ Սա այնպիսի մի հարց է, որ հասարակությունը, հանրային և քաղաքական միավորները չպետք է անուշադրության մատնեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ