18 01 2023

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել․ Hetq.am

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

 

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է: 

 

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

Ղազարյաններն ու Փաշինյանները հին ծանոթներ են

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48: Հատկանշական է, որ 1999-ին Ա. Ղազարյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, նրա դիմումը բավարարվել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանի կողմից: Իր իսկ պատմելով՝ 34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ծնվել է Իջեւանում, 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա, որի քաղաքացի է:

2012-ին Անդրանիկ, Ֆրունզե եւ Պետրոս Ղազարյանների հովանավորությամբ, ի հիշատակ իրենց հոր, Իջեւանում բացվել ու օծվել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին: 2014-ին էլ Ղազարյան եղբայրների ֆինանսավորմամբ Իջեւանում բացվել է մանկական խաղահրապարակ: Իջեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել է, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաեւ քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երեւանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջեւանի ավագանին պատվավոր իջեւանցու կոչում է շնորհել Ֆ. Ղազարյանին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն պարգեւին արժանացել էր Ա. Ղազարյանը:

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր համաժողովների շարք, որոնցից «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը կայացավ 2018 թ. սեպտեմբերին Իջեւանում: Դրան մասնակցել է նաեւ Անդրանիկ Ղազարյանը: Վերջինս այնուհետ Չերկասի էր հրավիրել Տավուշի այն ժամանակվա մարզպետ (ներկայում՝ իշխանական պատգամավոր) Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու եւ Հայաստանում ծրագրեր սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Ղազարյանը մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Մայր տնտեսությանը կից պետք է հիմնադրվեին փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք ապահովվելու էին մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ էին վերադարձնելու միայն կերի գումարը, իսկ եկամուտն ամբողջովին մնալու էր իրենց:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի համանուն հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։ 

2020-ի ամռանն էլ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Հետաքրքիր է, որ 2021-ի հուլիսին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Սիփան Փաշինյանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ Չերկասիի այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Սկիչկոյի հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության այն հնարավորությունները, որ տալիս է դեռ 2009 թ․ ստորագրված Չերկասիի ու Տավուշի մարզերի միջեւ տնտեսական ու մշակութային համագործակցության մասին մտադրությունների արձանագրությունը։

Հատկանշական է նաեւ, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:  

Հիշեցնենք նաեւ, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ