Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, Sputnik Արմենիային հայտնել են կառավարությունից։
«Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։
Ըստ աղբյուրի, Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, այսօր բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:
Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ, կենտրոնական բանկերի 19 ղեկավարներ, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարարներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ:
Սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի ղեկավարի, Իսպանիայի վարչապետի, Լեհաստանի և Լիտվայի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Հարավային Կորեայի, Իրաքի, Ադրբեջանի նախագահների, Նիդեռլանդների, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի և Ալբանիայի վարչապետների մասնակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը