Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝ « Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը