Հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442 – Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը և Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման հավելված N 2-ի 29-րդ և 42-րդ կետերը, ինչպես նաև այն, որ Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի 1546-Ա որոշմամբ Վարչապետի 2022 թվականի մարտի 29-ի N 315-Ա որոշումը ուժը կորցրած է ճանաչվել՝ ուստի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նոր կազմը ընտրելու և հաստատելու համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:
Թեկնածուների հայտերի ներկայացման կարգ.
Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են մինչև սույն թվականի հունվարի 18-ը:
Հայտ կարող են ներկայացնել՝
1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
Հայտին կից ներկայացվում են`
1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),
2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,
3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.
4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.
5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).
6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի որոշմամբ:
Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը