11 01 2023

Միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել․ Կարո Նասիբյան



«Նախորդ տարի բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ, այդ իսկ պատճառով փուլերի քանակն ավելացել է, կա առաջին, երկրորդ եւ երրորդ փուլ»,-այս մասին, ասուլիսի ժամանակ, ասաց ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նրա խոսքով՝  2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից շատ դիմորդ է հայտագրվել։

 «Առաջին փուլի քննություններում դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում հայտ, այսինքն հայտում չեն լրացնում բուհ և մասնագիտություն: Բնականաբար, հունվարի քննություններից հեռտո որևէ մրցույթ կայանալ չի կարող:  Մրցույթը կազմակերպվում է բոլոր քննությունների ավարտից հետո: Ավարտել ենք հայտագրման գործընթացը, հունվարի 15-ից սկսում է առաջին քննությունը և առաջին օրվա քննություններն են քիմիա և ռուսաց լեզու: Քննությունների սկիզբը ժամը 11.30 է:

Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք,  ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց այսօր հայտագրվածները 6871-ն են։ Ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար` 3139 հոգի։ «Մաթեմատիկա» հանձնել ցանկանում է 2950 դիմորդ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն էլ հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ»,- ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն» 887 դիմորդ, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582, իսկ մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ