10 01 2023

Լաչինի միջանցքում, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ․ Փաշինյան



Հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, առ այն, որ միայն Ադրբեջանն էր քննադատում ՌԴ խաղաղապահներին, այնինչ  այսօր ՀՀ իշխանությունն էլ է քննադատում նրանց, բայց, փաստացի, բացի ՊԲ-ից նաև ՌԴ խաղաղապահներն են արցախցիների անվտանգության երաշխավորը․  ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Մենք ՌԴ խաղաղապահներին չենք քննադատում, մենք մեր մտահոգություններն ենք հայտնում»։

Շարունակելով խոսքը Փաշինյանը հավելեց․ «Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությունն են հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ՌԴ խաղաղապահների վարկաբեկման արշավ»։

 «Այո, համաձայն եմ, այսօր ՌԴ խաղաղապահներն են Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովում։ Բայց մենք ունենք Փառուխի դեպքերը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և որևէ արձագանք չի եղել։ Խծաբերդում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ հայ զինվորականներ են գերեվարվել։ Նույնը Լաչինի միջանցքում․ Լաչինի միջանցքում, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո,  գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ»,–ասաց Փաշինյանը։

 Անդրադառնալով հարցին, թե ո՞րնէ կարմիր գիծը, որի առկայության դեպքում  կհրաժարվի ստորագրել  խաղաղության պայմանագիրը, ասաց․ «եթե այդ տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,-ասաց նա՝ նշելով․  «Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել եմ կամ վաղը պատրաստվում եմ ստորագրել։ Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև 2022 թվականի վերջ պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստորագրել և ասել եմ, որ մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք։ Այսօր էլ եմ ասում՝ մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ», - ասաց Փաշինյանը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ