08 01 2023

Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից. Իշխանյան

Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից. Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աժբ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան, պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։ Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Չեմ կարծում, որ այս , ինչպես նշեցի տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։ Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։

Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։

Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ