Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, քաղաքի ամենասիրելի վայրերից մեկում՝ «Երևան պարկում» բացվեց նաև մեծ սահադաշտ՝ համալրելով ձմեռային ժամանցի տարբերակները:
«Երևան պարկի» հիմնադիր Գարեգին Նուշիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ պարկում ձմեռային մասի համալրումը պայմանավորված է իրենց այցելուների պահանջով. «Մեկուկես տարի է արդեն գործում է «Երևան պարկը», և ժամանակի ընթացքում մեր հյուրերը միշտ հարց էին բարձրացնում սահադաշտի հետ կապված, որովհետև ամառային մասը հագեցած էր, իսկ ձմեռային հատվածը համեմատաբար ավելի թույլ էր: Դրա համար մենք որոշեցինք այս տարի իրականացնել մեր հյուրերի ցանկությունը: Որոշեցինք, որ այս տարի յուրահատուկ պետք է ներկայանանք մեր քաղաքին: Եվ սա համընկավ Եվրատեսիլի հետ, որի բոլոր մասնակիցները մեր հյուրերն են լինելու: Մենք շատ ուրախ ենք, որ կկարողանանք մեր քաղաքը ներկայացնել այսպես, քանի որ գաղտնիք չէ, որ բազմաթիվ երկրներից մասնակիցներ են լինելու»:
«Երևան պարկի» տնօրեն Գագիկ Նուշիկյանն էլ նշեց, որ այս տարի առաջին անգամ ձմռանը կգործեն բացօթյա ատրակցիոնները, ինչպես նաև սահադաշտը և բոլորի դեպքում կլինի մեկ տոմսի գաղափարը. «Այսինքն գնում են մեկ տոմս և ատրակցիոններից օգտվում են անսահմանափակ: Մենք նույն կոնցեպտը պահպանել ենք նաև սահադաշտի դեպքում, հյուրերը կարող են անսահմանափակ օգտվել սահադաշտից:
Այս տարի առաջին անգամ նաև գործում են բացօթյա ատրակցիոնները ու նաև ավելացրել ենք սահադաշտ, գինը չի փոխվել, մնացել է 12 հազար դրամ՝ մեկ անձի համար, մինչև 90 սմ երեխաների համար՝ անվճար»:
Նշենք, որ «Երևան պարկում» բացի բացօթյա ու փակօթյա ատրակցիոններ ու մեծ սահադաշտից, գործում են նաև Game Zone, Sweet factory, «Ամրոց» սրճարանը և ֆուդկորտ:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը