Ոսկան Սարգսյանը գրում է․
Բեխաբար, սակայն պետական բյուջեից առատորեն պարգեւատրվող, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը
Տավուշի մարզպետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված Տավուշի մարզի 4 խոշոր համայնքների եւ նրանց ղեկավարների մասին։ Այդ կայքում որպես Բերդ խոշոր համայքի ղեկավար ներկայացված է 2012թ.-ից Բերդ համայնքը ղեկավարած, 2016-ին այդ պաշտոնում վերընտրված, 2017թ.-ին Բերդ խոշոր համայնքի ղեկավար ընտրված Հարություն Մանուչարյանը։ Վերջինիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նա 2021թ․ նոյեմբերի 9-ից անազատության մեջ էր, 2022թ․ հոկտեմբերի 7-ին ազատ արձակվեց, սակայն նոյեմբերի 10-ին, իր դեմ հարուցված այլ քրեական գործի շրջանակներում, նորից կալանավորվեց։ Հ․ Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթել է 2022թ․ սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում, սակայն դրանից հետո այդ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար Հ․ Մանուչարյանը եւ 2-րդ համար Սամվել Հովսեփյանը ավագանու անդամությունից հրաժարական են տվել։ Նոյեմբերի 10-ին համայնքի նորընտիր ավագանին Բերդ համայնքի ղեկավար է ընտրել «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկի 3-րդ համար Աստղիկ Հակոբյանին, նոյեմբերի 13-ին կայացել է նրա երդման եւ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը Ա․ Հակոբյանի համայնքի ղեկավար ընտրվելուց 20 օր է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում որպես Բերդ համայնքի ղեկավար նշված է Հ․ Մանուչարյանը։ Այդ կայքում Բերդ համայնքի ավագանու 21 անդամներից նշված են միայն 13-ի անուն-ազգանունները։ Նորընտիր ավագանու անդամներից Սարգիս Մարգարյանը Հ․ Մանուչարյանի եւ Ս․ Հովսեփյանի հետ ավագանու թեկնածությունից հրաժարական է տվել, սակայն նրա անունը , որպես ավագանու անդամի, նշված է մարզպետարանի ինտերնետային կայքում, վերոհիշյալ 13-ի թվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ, ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը եւ Տավուշի մարզպետարանը այսպես անփույթ են աշխատում, սակայն այդ վատ աշխատանքի համար 2022թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգեւատրվելու են 88 միլիոն 92 հազար 700 դրամի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը