«Հայրենի իշխանությունները շատ բաներ են անում, որոնց բացատրությունը հիմա հնարավոր չէ գտնել: Իրավաբանական տեսակետից ինձ համար դա անբացատրելի է: Որևէ բանական բացատրություն դրան գտնել չեն կարող: Իրական պատճառները ոչ թե իրավական դաշտում են, այլ քաղաքական: Միգուցե որոշ մարդիկ չեն ուզում՝ այդ արխիվները հետագայում դառնան հանրության համար հասանելի»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի (ԱԱԾ) կողմից այսօր քննարկվող՝ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արխիվները ոչնչացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից, ճշմարտությունը հետագայում գոնե սերունդների համար բացահայտելու առումով սա ուղիղ հակասում է հանրային շահին:
«Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը կամ թույլ չտալ, որ պատմության որոշ էջեր դառնան հանրության սեփականությունը»,-ասաց Հայկ Ալումյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կարմիրբերետավոր ջոկատայինների կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու առնչությամբ հարուցված քրեական վարույթին, դրա ձգձգմանը, որոնց պատճառը, ըստ իրավապահների, կարմիրբերետավորներին նույնականացնելու խնդիրն է, փաստաբանն ուշադրություն հրավիրեց նոր Քրեական օրենսգրքի կարգավորումների վրա:
«Քրեական նոր օրենսգրքում ունենք մի կարգավորում, որ վաղեմություն չի տարածվում մի շարք հոդվածների, այդ թվում՝ խոշտանգում հոդվածի վրա: Դա 450 հոդվածն է: Հանցակազմի բնութագրում է՝ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը: Եթե քննությամբ պարզվի, որ այդ վայրագությունների արդյունքում զոհված երեխաների ծնողներին պատճառվել է հոգեկան տառապանք (իր երեխայի գերեզմանի կողքն այդ աստիճանի իրենց նվաստացնում են), ապա մեր ոստիկանները թող իմանան, որ իրենց այս գործողության վրա վաղեմություն չի տարածվում: Իրենք կարող է 80 տարեկան լինեն, հետո «եղանակ» փոխվի, որովհետև միշտ չէ այս «եղանակը» լինելու այստեղ, ու նրանց իրենց մահճակալներից հանեն ու ենթարկեն քրեական պատասխանատվության իրենց թողների ու ծոռների աչքի առաջ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց՝ 450-րդ հոդվածը շատ ծանր հոդված է:
«Ու թող լավ իմանան, որ իրենց չի օգնելու այն, որ իրենք հրաման են կատարել, որովհետև ակնհայտ ապօրինի հրաման կատարելը նրանց չի ազատելու պատասխանատվությունից»,–ասաց Հայկ Ալումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը