Քաշաթաղից տարհանված ընտանիքի առաջնեկն էր Ժիրայր Մարգարյանը, ում կմաղքացած աճյունը անգամ ԴՆԹ-ով ճանաչելուց հետո ամիսներով պահվել է Աբովյանի դիահերձարանում ու նեխել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնում է զինծառայողի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։
Yerevan.Today-ն այցելել էր հերոսի ընտանիքին։
Ծնողներին միակ որդու աճյունը հանձնվել է նրա զոհվելուց 9 ամիս անց և միայն այն բանից հետո, երբ զոհվածների հարազատները բացահայտեցին որոնվող զինծառայողների աճյունները՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին թափված։
Մեր հերոսը՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին, Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվել են Արցախ, բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում։ Ամուսնանալուց հետո Շիրակից տեղափոխված առաջին նորապսակ զույգն են եղել, որ ոտք են դրել ազատագրված տարածք՝ իրենց նորաստեղծ ընտանիքով տուն-տեղ դնելու, հայրենի հողը շենացնելու համար։
Նինա Մարգարյանը 42 տարեկան է, 8 զավակ է մեծացրել Արցախ հողում, առաջնեկը և միակ տղան զոհվեց հանուն Արցախի։ Տիկին Նինան ասում է․ «Պատերազմի ամենաթեժ օրերին ստացա որդուս վերջին զանգը, ու բոթը տեղ հասավ, սկզբում շրջափակման մեջ էին ընկել, մի քանի հոգով հասցրին փրկվել, ուրախացանք, բայց․․․ զոհվեց տղես շրջափակումից դուրս գալուց հետո։ Որդուս մարմինը որոնելու 7-րդ օրը ստիպված եղանք տարհանվել Քաշաթաղից։ Անորոշության մեջ 7 աղջիկներիս առած՝ մղկտոցով ճամփա ընկա»։
Հերոսի մայրը պատմում է զավակի դին գտնելու, Արցախ նորից վերադառնալու երազանքի, վարչապետի տիկնոջ կազմակերպած խնջույքներին զոհերի ծնողների մասնակցության և այլնի մասին։
«Սպանողը թշնամին չէ, դավաճանական միտումն է, որ հազարավոր ոսկի տղերքի կյանքեր խլեց ու հոժարակամ կիսեց Հայրենիքը թշնամու հետ։ Մեր երեխեքը զոհվել են, որ ամիսներ անց թուրքը պատվիրակություն կազմի գա Երևա՞ն, մայրաքաղաքի սրտում պատվեն-հարգեն, թեյ հյուրասերե՞ն, հա՞․․․
Մինչև պատերազմը Աննան ասում էր՝ Մեհրիբային հրավիրում եմ Շուշի թեյ խմելու, թող գա, պատշաճ կդիմավորեմ, հարգեմ-պատվեմ․․․ Բայց էն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ հրավիրում էր Մեհրիբային ոչ թե թեյ խմելու, այլ մեր երեխեքի արյունը խմելու․․․»,- Yerevan.Today-ի հետ զրույցում մտորում ու դառնացած որոշ զուգահեռներ է անցկացնում Ժիրարի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։
Ներկայացնում ենք ևս մեկ հատված հաղորդումից։
Հաղորդումն ամբողջությամբ կհեռարձակվի ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը