«Այսօր, քան երբևէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ և այսօր, քան երբևէ, մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչև վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը:
Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաև միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլևս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է և առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու»,-այս մասին ԱԺ աբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով․
«Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում: Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները: Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը»,-ընդգծեց Արմենուհի Կյուրեղյանը։
« Ընտրակեղծարարության լուրջ քննադատություններով ՔՊ-ն խոստացավ երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլևս ընտրությունները չեն կեղծվելու, երբ այլևս ընտրությունները լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, երբ այլևս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը: Բայց այս ամենը ընդամենը ժողովրդին խաբելու, նրանից քվե կորզելու նպատակ էին հետապնդում: Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝ ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչև գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով։
« Տեսնում ենք ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոններում ընդամենը 1 օր առաջ դեռևս խիստ կուսակցականացված անձանց ընտրություն: Դեռ ավելին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր իսկ քվեով հազիվ ծայրը ծայրին հասցրեց, որպեսզի ապահովվի անհրաժեշտ 65 ձայնն ու ինքն ընտրվի նախագահ: Բա էլ ինչ բաստիոն, եթե այդպես չլիներ: Եվ հիմա էլ այդ նույն ժողովրդավարների կուսակցության վարչության ընտրության ընթացքում արդեն իրենց կողմից բացահայտված ընտրակեղծարարություններ և, ընդ որում դրանց կազմակերպման մասին մամուլում հնչում են այնպիսի անուններ, որոնք լսելիս մեղմ ասած, ժպիտ է առաջանում մարդու դեմքին. Այդ հնչած անուններն ե՞ն ՔՊ-ում ասիչները, գործ անողները: Եթե այո, ապա ՛՛Ողբամ զքեզ, ՔՊ-ականներ: Եվ իհարկե, ողբամ զմեզ, հայ ժողովուրդ, եթե մեր երկրում այդ նույն ընտրակեղծարարներն են որոշում կայացնող մեծամասնությունը:
Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ: Այլընտրանք չկա: Այլևս Հայաստանը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու, Նիկոլին հեռացնելով երկրի կործանումը կանխելու այլընտրանք չունի: Դեռ գալու են մեր երկրի նոր արշալույսները, համոզված եղեք»,-խոսքը վերջաբանեց Արմենուհի Կյուրեղյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը