Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը նաև գիտության պատմություն է։
Գիտության տարբեր ոլորտներ զարգացել են նախ համալսարանական, հոգևոր-կրթական միջավայրերում: 1943թ. նոյեմբերի 10-ին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի ակունքներում էին հայ և համաշխարհային գիտության երևելիներ Մ. Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Վ. Համբարձումյանը, Օրբելի եղբայրները:
Խորհրդային շրջանը նշանավորվել է որպես գիտության տարբեր ոլորտների ծաղկման, գիտական նվաճումների, հանրային-քաղաքական գիտակցության մեջ գիտության բացառիկ դերակատարության ժամանակաշրջան։ Առանձին ոլորտներում հայ գիտնականներն ու հայ գիտությունը համաշխարհային ճանաչում են բերել Հայաստանին՝ այն դարձնելով գիտական խոշոր կենտրոն:
1992 թվականից ազգային դարձած ՀՀ գիտությունների ակադեմիան միավորում է շուրջ 35 ինստիտուտներ և հաստատություններ, որոնք հարաբերական հաջողություններով փորձում են գիտական նվաճումներ արձանագրել, համաքայլ լինել ժամանակի պահանջին։
Մեր պետականության և հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում գիտության ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանանում: Չի արժևորվում վերջինիս ահռելի դերակատարությունը համազգային ճգնաժամը հաղթահարելու, հասարակության ներուժը արդյունավորելու առումով։
Վստահ ենք, որ նաև արդյունավետ գիտական քաղաքականությամբ, գիտական ժառանգության արժևորմամբ, գիտական համայնքի արդյունավետ կազմակերմամբ է հնարավոր հաղթահարել այն բոլոր գոյաբանական մարտահրավերները, որ այսօր դիմագրավում է Հայաստանը։
ՀՀ գիտական համայնքին շնորհավորելով գիտության համաշխարհային օրվա առիթով՝ համոզված ենք, որ պետության կողմից գիտության նկատմամբ հատուկ վերաբերմունքի և հայ գիտական մտքի խիզախումների ճանապարհով կկարողանանք վերընձյուղվել, ամրացնել մեր պետականության հիմքերն ու ապահովել կայուն զարգացում։
«Հայաստան» խմբակցություն
10.11.2022թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը