03 11 2022

Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել. ՀՔԱՎ

Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել. ՀՔԱՎ

Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդրին ՀՔԱՎ-ն անդրադարձել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանության ժամանակ։ Խնդիրը կրկին արդիական դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարիներին ՀՔԱՎ-ի աջակցության արդյունքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ զինծառայողների գրքույկներում կատարել է  համապատասխան արձանագրումներ։

Նախկին զինծառայող Հ․ Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով ՀՔԱՎ էր դիմել այս տարվա օգոստոսին։ Հ․ Գ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքին, ապա տեղափոխվել այլ զորամաս և 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվել, սակայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում նրա զինգրքույկում Պաշտպանության նախարարությունը չէր կատարել։ Միայն ՀՔԱՎ-ի  կողմից հարցը բարձրաձայնելուց հետո զինծառայողի մորից մենք տեղեկացանք, որ զինգրքույկում համապատասխան նշում կատարվել է։ Ուշագրավ է, որ մեր գրությանը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել՝ չնայած լրացել է գրությանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը։

Սա ՀՔԱՎ-ի պրակտիկայում մի քանի տասնյակ դեպքերից միայն մեկն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հարցում համակարգային մոտեցում այդպես էլ չի ձևավորվել։ Պատկան մարմիններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, իսկ նշումները կատարում են կամակայակորեն կամ լրացուցիչ դիմումներից, այդ թվում՝ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո։

Վերստին դիմում ենք Պաշտպանության նախարարությանը՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկների և լրացուցիչ դիմումների անելու համար․ դա թե պատերազմի մասնակիցների, թե պետական կառույցների համար ոչ միայն ժամանակի, ռեսուրսների վատնում է, այլև՝ պատերազմի մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Պատերազմի մասնակցության վերաբերյալ արձանագրումը էական նշանակություն ունի պատերազմի մասնակիցների համար՝ սոցիալական ծառայություններից օգտվելիս, բժշկական օգնություն ստանալու, կրթության և այլ իրավունքներ իրացնելիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ