16 04 2020

2020թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ և Արցախի ԶՈՒ-երում մահացության դեպքերն ավելացել են. ՀՔԱՎ

2020թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ և Արցախի ԶՈՒ-երում մահացության դեպքերն ավելացել են. ՀՔԱՎ

2020թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում մահացության դեպքերն ավելացել են 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի  եւ Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաեւ ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերի 16 զինծառայողի մահվան ելքով դեպք. 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 5-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ ավտովթարի։

Վերոնշյալ 16 դեպքերից պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն 12 դեպքերի մասին մյուս 4 դեպքում՝ ոչ: Հետագայում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

Նշված 4 դեպքերից 3-ի մասին ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, իսկ առողջական խնդրի հետեւանքով արձանագրված 1 դեպքի մասին ո՛չ պաշտոնական աղբյուրներով,  ո՛չ էլ ԶԼՄ-ներով տեղեկություն չի տարածվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել է պաշտոնական հարցմամբ:

2020 թ.-ին մահացության դեպքերն ավելացել են 3-ով՝ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արձանագրվել էր 13 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու եւ 1-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով։

2019 եւ 2020 թթ. 1-ին եռամսյակի տվյալները համեմատելով՝ արձանագրում ենք՝

դժբախտ պատահարի հետեւանքով մահացության դեպքերի աճ,

ինքնասպանության դեպքերի (5 դեպք հունվար-փետրվար ամիսներին) կտրուկ աճ՝ ի տարբերություն 2019 թ.-ի 1 դեպքի,

առողջական խնդիրների հետեւանքով մահվան դեպքերի աճ. 2020թ.՝ 5 դեպք, 2019թ.-ին՝ 3 դեպք՝ հունվար-փետրվար ամիսներին:

2020 թ.-ի 1-ին եռամսյակում գրանցվել է  մահվան 1 դեպք մարտական պայմաններում` ի տարբերություն 2019 թ. առաջին եռամսյակի, երբ, հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, զինծառայողների մահացության դեպքեր չէին արձանագրվել: Մահվան բոլոր դեպքերը գրանցվել էին ոչ մարտական պայմաններում: Ուշագրավ է, որ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել են նաեւ սպանություն որակված դեպքերը: 2020 թ. առաջին եռամսյակում այդպիսիք ընդհանրապես չեն գրանցվել: 

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է նաեւ հանրային մեծ դժգոհություն եւ վրդովմունք առաջացրած ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին, որը համընկել էր Արցախի Հանրապետությունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների  քարոզչական ժամանակահատվածի հետ: 

Հարկ է նշել, որ  հանրային դժգոհությունների ֆոնին, ինքնասպանությունների դեպքերը մարտին կտրուկ վերացան:

Այսպիսով՝ 2020 թ. առաջին եռամսյակում գրանցված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ շուրջ 94%-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում. 31 %-ը՝ ինքնասպանության, 31%-ը՝ առողջական խնդիրների, 25%-ը՝ դժբախտ պատահարի, 6%-ը՝ ավտովթարի հետեւանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահացության դեպքերի ընդհանուր թվի շուրջ 6 %-ը։

2020թ.-ի դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար  եւ փետրվար ամիսներին՝ համապատասխանաբար՝ 6 եւ 7 դեպք: Մարտին գրանցվել է 3 դեպք:  2019 թ.-ի հունվարին գրանցվել էին՝ 5, փետրվարին՝ 3, մարտին՝ 5 դեպքեր: 

2020 թ.-ին մահացած 16 զինծառայողներից 5-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են եղել, 7-ը՝ պայմանագրային ժամկետային, 4-ը` սպա։ 

2019 թ.-ին մահացած 13  զինծառայողներից 4-ը պարտադիր ժամկետային  զինծառայողներ  են, 6-ը՝ պայմանագրային, 2-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ 

Մահվան դեպքերի պատճառների ու մահացած զինծառայողների կարգավիճակի դիտարկումները թույլ են տալիս ՀՔԱՎ գրասենյակին արձանագրելու, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության հիմնական պատճառներն են ինքնասպանությունը (3 դեպք) եւ առողջական խնդիրները (2 դեպք):

Պայմանագրային զինծառայողների մահացության հիմնական պատճառները դժբախտ պատահարներն են (4 դեպք), 1-ական դեպքեր էլ՝ առողջական խնդիրների, ինքնասպանության եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք:

Սպաների մահվան պատճառների մեջ առանձնացրել ենք առողջական խնդիրները՝ 2 դեպք, 1-ական ինքնասպանության եւ ավտովթարի հետեւանքով դեպքերը:

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2020թ. 1-ին եռամսյակում ինքնասպանության եւ առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողների, թե՛ սպաների շրջանում:

Տեղեկանքում դասակարգել ենք նաեւ  2020 թ. առաջին եռամսյակում մահացության դեպքերը՝ զինվորական ծառայության հետ կապ ունեցող եւ չունեցող: Ի դեպ՝ պաշտոնական դասակարգումները միմյանցից տարբեր են: Ահավասիկ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «10 զինծառայող մահացել է ծառայության  հետ կապված հանգամանքներում, 6-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում»: Մինչդեռ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը գրասենյակին  տեղեկացրել է զինվորական ծառայության հետ կապ ունեցող 12  եւ չունեցող՝ 4 մահվան դեպքերի մասին:

Արձանագրում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից գրասենյակին տրամադրվել է նույն թվական տվյալը՝ զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր թվի մասին, այդուհանդերձ, զինծառայության հետ կապ ունենալու կամ չունենալու մասին տվյալները տարբերվում են:  

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաեւ ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների եւ կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019 թ.-ի ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետը:

Նշենք, որ 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 2020 թ. նույն ժամանակահատվածում  ԱՀ/ԼՂ-ում 585-ով նվազել են  հրադադարի ռեժիմի խախտումները, 8.100-ով էլ՝ կրակոցները:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում՝ համեմատատելով Ադրբեջանի ԶՈւ վարքագծի փոփոխությունը սահմանին՝ հայտարարված արտակարգ դրության 21-օրյա եւ մինչ այդ 21-օրյա ժամանակահատվածում:

Այսպես, 2020 թ. մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման դեպքերով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Դրան հաջորդեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացումը՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում:

Մասնավորապես՝ մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել էին 2 հայ պայմանագրային զինծառայողներ: Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի թիրախավորվման արդյունքում էլ՝ վիրավորվել էր Ոսկեվան գյուղի մի երեխա: 

Չնայած ՀՀ ՊՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման քանակն ու հաճախականությունը չի հրապարակվում, արձակված կրակոցների եւ  դիվերսիոն ներթափանցումների հետեւանքով վիրավորումների կամ զոհերի մասին տեղեկություն, այնուամենայնիվ, տարածվում է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փաստում ենք, որ հայտարարված արտակարգ դրության ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է սրել իրավիճակը, քանի որ մինչ արտակարգ դրություն հայտարարելն ընկած 21-օրյա ընթացքում, նման դեպքեր չեն արձանագրվել:

Այսպիսով, չնայած արձակված կրակոցները 100-ով քիչ են՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն աճել է 25-ով: Արտակարգ դրության ժամանակ, հատկապես՝ 2020 թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 14-ը, հրադադարի ռեժիմը խախտվել է 545 անգամ, որի ընթացքում արձակվել 4.500 կրակոց, 2020 թ. մարտի 15-ից  մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 570 դեպք՝ 4.400 կրակոցով:

Տեղեկանքում անդրադարձել ենք նաեւ 2020 թ.առաջին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերին: Ըստ պաշտոնապես եւ ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ. առաջին եռամսյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 16 դեպքերից 13-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով: 13 դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 12-ը կապ ունեն զինծառայության հետ, 1-ը՝ չունի: 3 դեպքով հայտնի չէ քրեական գործերի հարուցման մասին: 

Ամփոփելով՝ առանձնակի մտահոգիչ ենք համարում մահացության թվի մեջ սպաների մահվան դեպքերի աճը, նաեւ վերահաստատում, որ առողջական խնդիրների հետեւանքով մահվան դեպքերի աճը վկայում է մինչ զինծառայության անցելն ու զինծառայության ընթացքում պատշաճ բուժզննության, հսկողության եւ օգնության տրամադրման հետ կապված դեռեւս գոյություն ունեցող խնդիրների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ