26 10 2022

Նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու Արցախի Չարեքտար համայնքում նախանշված ծրագրերը

Նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու Արցախի Չարեքտար համայնքում նախանշված ծրագրերը

Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել է մոտ 25 առանձնատուն ու դպրոցը: Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը, իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել , ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում պատերազմից հետո իրականացված բնակարանաշինական ծրագրին:

Անդրադառնալով պատերազմից հետո Արցախում մեկնարկած շինաշխատանքներին՝ նխարարը նշել է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել:

«Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝ մոտ 300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է»,- նշել է նա
Նախարարը հետպատերազմյան երկու տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է բնակարանաշինությունը:

«Բնակարանաշինությունը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար: Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է»,- ասել է Սարգսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ