18 10 2022

Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները. Գեղամ Նազարյան

Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

Ի՞նչ էր անում վարչապետի կինը պատերազմի ժամանակ կառավարման կենտրոնում (բունկերում)։ Սա շատ կարեւոր հարց է եւ որի պատասխանը պետք է տրվի։ Պարտադիր պետք է տրվի։

Եւ չպետք է այս հարցը տանել հուզական կամ կին_տղամարդ հարաբերությունների դաշտ։

Նույն հարցը հնչելու էր, եթե վարչապետը կին լիներ եւ նրա ամուսինը պատերազմի ժամանակ հայտնվեր կառավարման կենտրոնում։

Այնպես որ, կարեւոր հարցը չպետք է տեղափոխել կենցաղային դաշտ։

Պետք է նաեւ ընդունել, հասկանալ, որ վարչապետի կինը հատուկ կարգավիճակ չունի։ Լինի խաղաղություն, թե պատերազմ, նա ունի նույն կարգավիճակն ինչ պատգամավոր Վիգենի կինը, էլեկտրիկ Ալիկի կինը, ատամնաբույժ Կարենի կինը, ֆուտբոլիստ Հենոյի կինը։

Ինչ վերաբերում է թիկունքի զբաղված լինելուն։ Այո, թիկունքը զբաղված էր։ Աննախադեպ գումար հավաքվեց, աննախադեպ նյութական այլ օգնություն կռվող մեր տղերքի, բանակի համար։ Եւ նաեւ այդ հարցը մի օր պատասխան պետք է ստանա` ինչ եղավ այդ օգնության հետ, ինչու Հայաստան համահայկական հիմնադրամից հսկայական գումար փոխանցվեց պետական բյուջե։

Խրամատի մասին։ Եւ կրկին պետք չէ հարցը տեղափոխել կենցաղային, կին_տղամարդ հարաբերությունների դաշտ։ Պետք չէ, մի արեք։ Հայաստանը հսկայական տարածք չունի, մեծ բնակչություն չունի։ Տեղ գյուղի բնակիչները, Տեղ գյուղի, որը պատերազմի ժամանակ սահման չէր, ռազմաճակատի գիծ չէր, գիտեն հայտնի բլինդաժի տեղը, որտեղ ֆոտոսեսիաներ են անցկացվել։ Ամեն դեպքում Տեղ գյուղում օդում նման լուրեր են կախված։

Պատերազմ միայն մոլագարներն են ուզում եւ երազում։ Երկիրը պատերազմի տանում են մոլագարները։ Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները։

Հայաստանում պատերազմը կավարտվի եւ կգա արժանապատիվ խաղաղության դարաշրջանը, երբ երկրի առաջին դեմքը չլինի մեզ պարտության տարած մարդը։

Ինչ վերաբերում է հերոս տղերքի սեւազգեստ մայրերին, ապա ասեմ, որ Աբգարիս մայրը սեւազգեստ չէ, հազարավոր հերոսների մայրեր սեւազգեստ չեն, բայց եթե կան մայրեր, որ ցանկանում են լինել սեւազգեստ, ապա դա որեւէ մեկի գործը չէ։ Ոչ մեկի։

Եւ վերջում այն հարցի մասին, թե ինչ պետք է անի սիրող կինը, լավ եւ բարի կինը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ պատգամավոր ամուսնու տեղը խորհրդարանը չէ, նրան հորդորում է վայր դնել մանդատը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ էլեկտրիկ ամուսինը վտանգում է մարդկանց եւ իր կյանքը, հորդորում է այլ գործ գտնել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ատամնաբույժ ամուսինը ավելի շատ վնասում է, քան բուժում, հորդորում է այլ գործ անել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ֆուտբոլիստ ամուսինը անդադար ինքնագոլեր է խփում, հորդորում է գոնե աշխատել թիմի տեխնիկական ապահովման բաժնում։ Սիրող, բարի եւ լավ կինը, երբ տեսնում է, որ ամուսինը սկսելով զրոյական կետից, իր կետից բանակցում է թշնամու հետ, ապա երկիրը հասցնում պատերազմի եւ պարտության, իսկ հետո շարունակում անհաջողությունների շարքը, տառապում, տանջվում, նրան հորդորում է ներողություն խնդրել եւ հրաժարական տալ։

Սիրեք միմյանց, սիրեք հայրենիքը, սիրեք այս երկրում ապրող մարդկանց, սիրեք երեխաներին, սիրեք նահատակներին։ Ես ձեզ սիրում եմ, ու եղբայրաբար հորդորում, գոնե որպես առաջին քայլ դադարեք երեւալ հանրության աչքին, դադարեք գրառումներ անել, քանի որ ձեր հայտնվելը մեծագույն տառապանք է պատճառում հազարավոր նահատակների ծնողներին, քույրերին եւ եղբայրներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ