ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:
Ըստ ընդունված որոշման՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրած բուհից:
Նշենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումն կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):
Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը