hraparak.am-ը գրում է
Համացանցում դեռ երեկվանից ակտիվ տարածվող տեսանյութի հերոսին փորձում էին գտնել բոլորը։ Ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ տեսանյութի կամավորականի անունը Տարոն էր։
Տարոն Հարությունի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, ընդամենը 26 տարեկան։
Համագյուղացիները «Հրապարակի» հետ զրույցում պատմեցին, որ պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Տարոնը վերադառնում է հայրենիք ու կամավորագրվում։
Տարոնի ծառայակիցներից մեկն էլ նշեց, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատարը և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, Տարոնը չի նահանջել և գնացել է առաջ։
Համագյուղացիները նշում են, որ Տարոնը դեռ մանկուց աչքի է ընկել խիզախությամբ, դուխով տղա է եղել, շատ ընկերասեր, ընտանիքին նվիրված ու հայրենասեր։
Տարոնի հայրը՝ Հարությունը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, որդուն էլ այդ ոգով է դաստիարակել։ Տարոնը մեկ կրտսեր եղբայր ունի, իսկ մայրը՝ Թամարան, վստահ է եղել, որ որդին ողջ է ու անպայման վերադառնալու է տուն։
Մխչյանի բնակչուհի Աննա Ալեքսանյանն ասաց, որ գյուղում տեղեկություն էր շրջանառվում, որՏարոնը կարող է լինել այն զինվորների թվում, որոնք անցել են Իրանի սահմանը և մինչ երեկ բոլորը հույս են ունեցել, որ Տարոնն անպայման վերադառնալու է։ Սակայն, հայտնի տեսանյութի կադրերը տեսնելուց հետո հասկացել են, որ կամավորականն իսկապես Տարոնն է, քանի որ նման պահվածքը հենց նրան էր բնորոշ։
Մեկ այլ համագյուղացի՝ Սուսաննա Գևորգյանը, «Հրապարակին» պատմեց, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը