09 09 2022

Անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների համար. ԱՀ ՄԻՊ

Անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների համար. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44֊օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և այդ անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների շարունակական, համակարգային և լայնածավալ խախտումների համար։

Պաշտպանը ներկայացրել է հրադադարի հաստատմանը հաջորդած 22 ամիսների ընթացքում արձանագրված ադրբեջանական հանցավոր գործողությունները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով Արցախում ամենատարրական՝ կյանքի իրավունքի ապահովման սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը որպես գործիք՝ իր անօրինական պահանջների իրականացման համար։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ ադրբեջանական այս քաղաքականությունը հիմնված է հայերի նկատմամբ էթնիկ ատելության վրա և նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկելու ու հայաթափելու Արցախը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։ Հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է կամ հրաժարվելով կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի երաշխավոր։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով իր հայրենիքում՝ Արցախում, անվտանգ ապրելու հայերի իրավունքին, նշել է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է։

Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը, իսկ ՄԻՊ֊ը կոչ է արել առավել ակտիվ և հասցեական գործողություններով ու հայտարարություններով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունն ու պարբերաբար կրկնող ագրեսիաները։

Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ