Կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի, իսկ վերջինս էլ կմիացվի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
Որոշում կայացվել էր դեռեւս այս տարվա փետրվարի 17-ին, սակայն ՀՀ արդարադատության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնադրությունում առկա են դրույթներ, որոնք չեն համապատասխանում «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, եւ գրանցումը մերժվել է:
Այս գործընթացն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ին մշակել է նոր նախագիծ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործում են գյուղատնտեսական ոլորտի երկու մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Վանաձորի» մասնաճյուղը, որն ունի տարբեր կրթական ծրագրեր (բարձրագույն և միջին մասնագիտական) իրականացնելու գործունեության թույտվություն (լիցենզիա):
Քննարկումների արդյունքում պարզվել է, որ քոլեջի ուղղվածությունը լիովին համահուչ է համալսարանի ուղղվածությանը, որը հնարավորություն կտա համալսարանի մասնագետների և նյութատեխնիկական առկա բազայի հենքի վրա պատրասելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը