07 09 2022

Որոշ իրավախախտումներ նախատեսում են քրեական պատասխանատվություն․ ոստիկանության պարզաբանումը



Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։ Հայտնի է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։ Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։ Դրանցից է, օրինակ, վարորդական իրավունքի վկայականից զրկված, կասեցված կամ առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն։ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Պարզաբանում է ՊԾ իրավաբանական բաժանմունքի պետ Հարություն Իսահակյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է ընդհուպ մինչև կարճաժամկետ ազատազրկմամբ։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կամ առանց վարորդական վկայականի վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, կամ հրաժարվում է, կամ խուսափում սթափության վիճակի զննություն անցնելուց, տվյալ դեպքում նախատեսվում է ավելի խիստ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում 2 տարի ժամկետով։ Եթե պարեկային ծառայողը իր ծառայության ընթացքում հայտնաբերում է նման վարորդի, ապա պարտավոր է արգելել տրանսպորտային միջոցի երթևեկությունը և այն տեղափոխել ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես և՝ պարեկային ծառայողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ձերբակալելու իրավախախտ վարորդին։ Բացի այդ, պարեկային ծառայության կողմից արձանագրվում է իրավախախտման՝ այսինքն հանցանքի փաստը և քրեական դատավարությամբ սահմանված, պատշաճ հաղորդման ձևով ուղարկվում է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»։

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կամ, այլ կերպ ասած, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ևս քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ։ Այդ իսկ պատճառով, եթե վարորդը համաձայն չէ պարեկի գործողությունների հետ կամ գտնում է, որ իր նկատմամբ պարեկի կողմից տեղի է ունեցել հակաօրինական որևէ գործողություն, ապա դրա լուծումը մեկն է. վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները օրենքով սահմանված կարգով։

Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Հիշե՛ք, որ առանց վարորդական իրավունքի վկայականի և ոչ սթափ վիճակում, ինչպես և վարորդական իրավունքից զրկված կամ կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը հանցագործություն է, ինչի համար նախատեսված է ազատազրկում։ Ոստիկանությունն այս ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակելու է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ