06 09 2022

Գործը չի բացահայտվում, քանի որ դատավորը համագործակցում է գլխավոր դատախազի մաֆիայի հետ. սպանվածի մայր



2014 թվականին Գյումրիում իր տանը սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը Ռուզաննա Ադանալյանը դեռ շարունակում է պայքարել որդու սպանության գործով արդար դատաքննության համար:

Yerevan.Today-ի հետ զրույցում Ռուզաննա Ադանալյանը նշում է, որ կրկին դիմել է դատարան, բայց այս պարագայում ևս որևէ առաջընթաց չկա: Նա նշում է, որ գործը քննած դատավոր Նարեկ Բեգլարյանը գործով անգործություն է ցուցաբերել.

«Այս դատավորի վերաբերյալ ես հաղորդում էի տվել ոստիկանություն առ այն, որ կասկածներ ունեմ, որ նա համագործակցում է կոնկրետ դատախազության հետ, մասնավորապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մաֆիայի հետ: Ներկայացրել եմ փաստեր, վկայակոչել եմ համապատասխան հանգամանքներ, համապատասխան հղումներ եմ արել և ասել եմ, որ ընթացք տվեք, իրավական ընթացակարգով որոշվի այս հարցը՝ ո՞վ է ըստ էության, Նարեկ Բեգլարյանը:

Հիմա սրա վերաբերյալ տվածս հաղորդումը կորել է, պատասխան չկա առ այսօր: Դիմել եմ դատարան անգործության դեմ, հենց այդ բողոքն է, որ հիմա Արուսյակ Ալեքսանյանի վարույթում է, տևական ժամանակ նյութերը չեն ներկայացնում դատարան, դրա պատճառով նիստերը չէին էլ բացվում: Հիմա այսօր նիստ է բացվել, և ես պարզեցի դատարանում, որ իրենք ծանուցվել են, սակայն ոչ նյութեր են ներկայացնում, ոչ նիստին են ներկյանում: Ես կասկածներ ունեմ, այդ հաղորդումն ի՞նչ են արել, պարտակե՞լ են, նյութ չունե՞ն, որ բերեն դատարան... հետևաբար անգործության է մատնվել, անտեսվել է այդ հաղորդումը՝ իր բոլոր ներկայացված հանգամանքներով»:

Հարցին, թե ակնկալիքներ ունի դատախազությունից, Ռուզաննա Ադանալյանն ընդգծեց. «Այս դատախազը մի քանի օրից գնում է, ինքը դառնալու է սովորական ՀՀ քաղաքացի Արթուր Դավթյան: Հիմա մարդասպան Արթուր Մարտիրոսյանը և դատախազ Արթուր Դավթյանը...  երկուսն էլ Արթուր են՝ մեկը մարդասպանությունն իրականացրել է խմբի հետ, էս էլ պարտակողն է, սա էլ է մարդասպան: Ինքն է մշտապես հնչեցնում, թե այն պաշտոնատար անձիք, ովքեր պարտակում են հանցագործությունները բազմակի հանցագործ են, հիմա ինքը մարդասպան է: Եվ քանի որ դեռ իր պաշտոնավարման օրերն են, այս հաղորդման հետ կապված ես պահանջում եմ, որ դրան արագ իրավական ընթացակարգ տրվի՝ սահմանաված կարգով և տեսնենք, թե այս Նարեկ Բեգլարյան հանցագործ դատավորն, ի վերջո, ում է ծառայում»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ