05 09 2022

Ցնցումներն անխուսափելի են․ 168․am

Ցնցումներն անխուսափելի են․ 168․am

168.am-ը գրում է․ Հայաստանի տնտեսությունն այս տարի արտաքուստ բարձր աճ է արձանագրում։ Բայց այդ աճը նստած է ռումբի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի։


Տնտեսական աճի հիմնական բաղադրիչն առևտուրն ու ծառայություններն են, որոնք թելադրված են բացառապես արտաքին գործոններով։ Այդ գործոններն արհեստական խթաններ են ստեղծել Հայաստանում առևտրի ու ծառայությունների աճերի համար։ Բայց այդ աճերը ժամանակավոր են և նույնքան արագ կարող են վերանալ։ Ու այդ ժամանակ մեր տնտեսության աճն ուղղակի կփլվի։

Առևտրի ու ծառայությունների հետ հույսեր կապելը, հատկապես, երբ դրանք թելադրված են դրսի գործոններով, պարզապես միամտություն է։ Դրանք ինչպես հայտնվել են, այնպես էլ արագ կարող են անհետանալ։


Պարզ է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո այլևս չեն ստացվելու այն կապիտալ հսկայական հոսքերը, որոնք վերջին ամիսներին մեծ տեմպերով գալիս են Ռուսաստանից։ Դրանք գումարներ են, որոնք տրասնֆերտների տեսքով ստացվում են ոչ մեր քաղաքացիների հաշվին, բայց նպաստում են Հայաստանում առևտրի ու ծառայությունների ոլորտների բարձր աճերին։ Այդ գումարների մի մասը մնում է բանկային համակարգում՝ որպես միջնորդավճար։ Մի մասն էլ վերածվում է ապրանքի ու վերարտահանվում Ռուսաստան։

 
Ռուսական կապիտալը Հայաստան է գալիս նաև անվտանգության նպատակներով։ Մարդիկ փորձում են այդ ճանապարհով ապահովագրել իրենց խնայողությունները։ Դա է պատճառը, որ ոչ ռեզիդենտների խնայողությունները Հայաստանի բանկային համակարգում կտրուկ ավելացել են։

Առևտրի և ծառայությունների աճերին նպաստել են նաև Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիներն ու բիզնեսի որոշ տեսակներ։ Ինչքա՞ն կմնան նրանք Հայաստանում, կախված է հակամարտությունից։ Կասկած չկա, որ հակամարտության ավարտից հետո ավարտվելու է նաև այս փախուստը։

Այնպես չէ, որ ռուսական կապիտալի ակտիվ հոսքեր միայն Հայաստանում են նկատվում, ու դա մեր իշխանությունների շնորհքն է և իրականացվող քաղաքականության արդյունքը։ Հոսքերը շատ ավելի ակտիվ են հարևան Վրաստան, որտեղ տնտեսական աճի տեմպն էլ ավելի բարձր է։ Ու եթե Հայաստանում այդ աճն արձանագրվում է՝ նախորդ 2 տարիների համախառն անկման, Վրաստանում՝ աճի ֆոնին։

Արտաքին այս և այլ գործոնների շնորհիվ Հայաստանի տնտեսության ցուցանիշներն այս տարի բարելավվել են։ Բայց դրանք խիստ բևեռացված են։ Նկատելի չէ կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքը։ Դա երևում է տնտեսության իրական հատվածում, որտեղ զարգացումները շատ ցածր են։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճն էլ ավելի բարձր է եղել՝ 13 տոկոս։ Արդյունքում՝ կիսամյակի տնտեսական աճը կազմել է 11 տոկոս։ Բայց այդ աճի մեջ արդյունաբերության բաժինը շատ ցածր է։ Առաջին եռամսյակում արդյունաբերությունը, ներառյալ՝ էներգետիկան, տնտեսական աճին նպաստել էր՝ ընդամենը 0,38, երկրորդ եռամսյակում՝ 0,58 տոկոսային կետով։

Գյուղատնտեսության վերաբերյալ նույնիսկ խոսելն է անիմաստ։ Ինչպես վերջին 4-5 տարիներին, այնպես էլ այս տարվա առաջին-երկրորդ եռամսյակներում տնտեսության այս առանցքային ճյուղի նպաստումը ՀՆԱ աճին եղել է բացասական՝ առաջին եռամսյակում՝ 0,12, երկրորդում՝ 0,15 տոկոսային կետով։

Սրանք տնտեսության իրական հատվածի այն 2 կարևոր ոլորտներն են, որտեղ զարգացումները կապված են կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության հետ։ Այս ցուցանիշները վկայում են, թե այդ քաղաքականությունն ինչքանով է արդյունավետ եղել և նպաստավոր ազդեցություն թողել մեր տնտեսության զարգացումների ու արձանագրվող այսպիսի բարձր աճերի վրա։

Եթե ամփոփելու լինենք, ապա կստացվի, որ տարվա առաջին կեսին արձանագրված 11 տոկոսանոց տնտեսական աճի գործում արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 0,48 տոկոսային կետի մասնակցություն, գյուղատնտեսություն էլ՝ 0,13 տոկոս բացասական մասնակցություն։

Սա է այն արդյունքը, որը տվել է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունն արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Այն, ինչ կախված է կառավարությունից, պատկերն ահա այսպիսին է, ու դա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Տնտեսության երկարատև ու կայուն զարգացումը, որտեղ հավելյալ արդյունք է ստեղծվում, կարող է ապահովել միայն իրական հատվածը։ Առևտրի և ծառայությունների ոլորտներում տեղի ունեցող դրսևորումները, թեև ազդում են աճի ցուցանիշների վրա, բայց դրանք չեն կարող տնտեսության զարգացման համար հիմնարարներ լինել։ Ընդհակառակը՝ բնականոն գործընթացների դեպքում դրանք ուղղակիորեն կախված են լինում տնտեսության իրական հատվածի զարգացումներից ու հասարակության եկամուտների ավելացումից։ Մի բան, ինչը մեր պարագայում տեղի է ունենում այլ գործոնների հետևանքով։ Զարմանալի չէ, որ արդյունաբերության ցածր աճի ու գյուղատնտեսության անկման պայմաններում, երբ նվազել է մեր քաղաքացիների վճարունակ պահանջարկը, արձանագրվում է ծառայությունների ու առևտրի բարձր ակտիվություն, ինչն էլ հանգեցրել է ՀՆԱ այսպիսի աճի։

Բայց այդ աճի կառուցվածքը ոչ թե պետք է ոգևորի, այլ մտահոգի իշխանություններին։

Առաջին եռամսյակում գրանցված 8,7 տնտեսական աճի մեջ առևտրի ու ծառայությունների բաժինը կազմել է 6,3, երկրորդ եռամսյակի 13 տոկոսի մեջ՝ 11,45 տոկոսային կետ։ Առևտրի և ծառայությունների մասնակցությունը երկրորդ եռամսյակի տնտեսական աճի գործում ավելի է մեծացել, թեև առաջինում արդեն մեծ էր։ Եթե առաջին եռամսյակում տնտեսության մնացած բոլոր ճյուղերի մասնակցությունը տնտեսական աճին կազմել էր 2,4, ապա երկրորդում կազմել է ընդամենը 1,5 տոկոսային կետ։

Եթե հանենք առևտուրն ու ծառայությունները, ապա իրականում տարվա առաջին կեսի տնտեսական աճի մեջ շատ քիչ բան կմնա՝ 11-ից ընդամենը 2,1 տոկոս։ Մնացածն առևտրի ու ծառայությունների բաժինն է։

Դեռ լավ է, որ այս տարի որոշակի աշխուժություն կա շինարարության, մասնավորապես՝ բնակարանաշինության մեջ։ Դա էլ մեծապես կապված է պետական բյուջեից ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձի տեսքով տրվող հսկայական սուբսիդիաների հետ։ Այդ քաղաքականության պատճառով բնակարանային շինարարության ֆինանսավորումն ահռելի բեռ է դարձել բյուջեի վրա։ Այն անցնում է արդեն տարեկան 30 մլրդ դրամից։ Բոլոր դեպքերում, դա նպաստել է, որ այս տարի շինարարությունը՝ արձանագրված տնտեսական աճին ունենա դրական նպաստում։ Առաջին եռամսյակում այն 0,37 տոկոսային կետեր էր, երկրորդում կազմել է 1,41 տոկոսային կետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ