Անսպասելի էր առանձնահատուկ դեպքերում կատարված պետական դավաճանության համար մահապատժի դատապարտման սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի մասին հաղորդագրության հրապարակմանը հաջորդած որոշ մեկնաբանություններից պարզել, որ, փաստորեն, մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ: Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Անսպասելի չէր, սակայն, որ կարող էր փորձ արվել անմիտ, իրականությունից կտրված, առաջարկի բուն էությունը խեղաթյուրող և առկա մարտահրավերների լրջությունը չպատկերացնող մեկնաբանություններով աղավաղել թեման՝ այդ թվում նաև պատկերացում չունենալով Հայաստանի՝ միջազգային-իրավական պարտավորությունների մասին:
Ի պատասխան հանրային քննարկումներում բերվող այն «հակափաստարկների», թե ներկայացված առաջարկը հակասում է ԵԽ անդամակցությամբ մահապատժի վերացման հարցում Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ ստիպված ենք որոշ պարզաբանումներ ներկայացնել:
Հայաստանը 2001թ. հունվարի 25-ին ստորագրել և 2003թ. սեպտեմբերի 29-ին վավերացրել է Մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունը (ընդունված Ստասբուրգում 1983թ.), որի առաջին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց: Սակայն նույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները ԿԱՐՈՂ ԵՆ մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում:
Բացի այդ, կա նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը (ընդունված Վիլնյուսում 03.05.2002թ.), որի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետություններն իսկապես պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց:
Այս պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը թեև 19.05.2006թ. ստորագրել է այն, սակայն այդպես էլ չի վավերացրել (Ադրբեջան ընդհանրապես չի էլ ստորագրել այն):
Այսինքն վերոնշյալ հանգամանքների պարզ համադրությունը փաստում է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
Հետևաբար բոլոր շահարկումներն այս իմաստով անտեղի են:
Թեման նուրբ է: Սակայն Դատախազության ակնկալիքն այն է, որ հանրային դիսկուրսը պետք է կառուցել առողջ քննարկումների ոգով՝ բոլոր փաստարկների, այդ թվում նաև՝ Հայաստանին պարուրած տարածաշրջանային, պետական անվտանգային սպառնալիքների համատեքստում պետական դավաճանության դեպքերի նման աճի և խայտառակ դրսևորումների պատճառահետևանքային կապերի ողջամիտ հաշվառմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը