«Համախմբում» նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Արդարադատությունը հերթական անգամ բռնաբարվելու վտանգի տակ է։
Վերաքննիչ քրեական դատարանը անցած ուրբաթ օրվա դատական նիստում լսեց Ավետիք Չալաբյանի գործով մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ տխրահռչակ Մնացական Մարտիրոսյան) որոշումը բողոքարկելու մասին։
Պաշտպանական կողմը փայլուն հիմնավորեց Առաջին ատյանի դատարանի որոշման ապօրինությունն ու անհիմն լինելը։ Մեղադրող կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը առ այն, որ դեմ չէ Չալաբյանի նկատմամբ խափանման այլընտրանքային միջոցներ (գրավ և այլն) կիրառելուն:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին ուրբաթ օրը մնում էր որոշումը կայացնել, բայց նիստը հետաձգեց օգոստոսի 30-ին՝ աշխատանքային գերբեռնվածության պատճառաբանությամբ։ Երեկվա՝ օգոստոսի 30-ի նիստում, նա կրկին լսեց պաշտոնական կողմի լրացուցիչ փաստարկները, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նիստը տեղի էր ունենալու այսօր՝ ժամը 12:00-ին։ Նշված ժամին եկանք դատարան ու ի՞նչ պարզվեց. նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով առանց որևէ պատճառաբանության։
Իհարկե առայժմ ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց, բայց ակնհայտ է, որ գործ ունենք մեծ ճնշումների հետ։ Իմ լրագրող գործընկերներին խնդրում և հորդորում եմ զանգահարել դատարան ու փորձել հանրությանը իրազեկել այս հանելուկի մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը