29 08 2022

ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով․ Վահե Սարգսյան

ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

Առաջին հայացքից ազգայնականությունը չխրախուսող և լիբերալ արժեքների քարոզիչ Եվրոպան ու գլոբալ առումով Արևմուտքն Ուկրաինայում քարոզում են ոչ միայն ազգայնականություն, այլև ամեն ջանք գործադրում են, որ Ուկրաինայում վերականգնվի կամ նորովի ստեղծվի ֆաշիստական վարչակարգ ու համակարգ, ինչպես նաև ֆաշիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող հասարակություն։

Ճիշտ նույնկերպ Արևմուտքը նորովի խրախուսեց վրացական ազգայնականությունը, որը Սահակաշվիլու օրոք վերաճեց ֆաշիզմի՝ այն աստիճան, որ սահմանին Պարույր Սևակի գիրքը հայտնաբերվելու դեպքում հայազգի ուղևորը հայտարարվում էր պետության թշնամի։

Այդ նույն Արևմուտքը մերօրյա Հայաստանում միլիոնավոր դոլարներ է ծախսում ճիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ հայկական ազգայնականությունը ոչնչացնելու, ազգային արժեքները, կրոնը, ազգային ինստիտուտները, հասարակական-քաղաքական ուժերը կազմաքանդելու, փոխարենը՝ այլասերում, պիղծ և կործանարար համակարգեր ներդնելու համար։

Սա՛ է «բարձր արժեքներ» դավանող Արևմուտքի վարքագիծը։ Եվ կապիկի այս վարքագծի տեր միջազգային հանրության հնարավոր դատապարտումներն ու Հայաստանին ագրեսոր համարելու հնարավոր պարագան թմբկահարելով՝ ժամանակին Տեր-Պետրոսյանի վարչակարգը ոչ միայն չմտավ արդեն անձնատուր եղած և գրեթե դատարկված Նախիջևան, այլև անխնա կասեցրեց Արցախի ազատագրման գործընթացը՝ արհեստական բազմաթիվ դժվարություններ ստեղծելով դեպի Քռի ավազան առաջացող հայկական զորաջոկատների համար։

Ցավոք, հետագա տարիներին ևս ոչ միայն ապրեց, այլև, ի վերջո, հաղթանակեց ՀՀՇ-իզմի այս ստրկամիտ մտածողությունն ու մոտեցումը՝ վերաճելով մերօրյա ողբերգության առանցքային հիմնաքարի։

Ապրեց ու հաղթանակեց, քանզի հիմնարար գնահատականներ չտրվեցին ՀՀՇ-ին և վերջինիս կործանարար մոտեցումներին. չլուծարվեց ՀՀՇ-ական բանդաների օրոք (1995 թ.) ձևավորված խորհրդարանը, այն շարունակեց գործել, և այդ նույն ՀՀՇ-ական խունտայի ներկայացուցիչները հասցրեցին սողալ այս ու այն տեղ՝ վերստին մնալով ջրի երեսին։ Նրանք թեև հագան նոր դիմակներ և հաճույքով ստանձնեցին նոր դերեր, սակայն թաքուն պահպանեցին իրենց սրտի ՀՀՇ-իզմը։

Տարիների ընթացքում արևմտյան կազմաքանդիչ ուժերի աննախադեպ ակտիվացմանը զուգահեռ ՀՀՇ-ն նորովի բողբոջեց, ծաղկեց, ներվեցին ու բանտերից ազատվեցին Նիկոլը, Գռզոն՝ իրենց թաշախուստով, անգամ հին ու կործանարար այդ խմբակի որոշ ներկայացուցիչներ ստացան պաշտոններ (Ալեքսան Արզումանյան, Տիգրան Հակոբյան և այլք)։

Արդյունքում՝ ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով: Վերջինիս տրիումֆի դոփյունների տակ կարճ ժամանակում ամբողջությամբ օտարվեց Արցախը, մեր աչքի առջև ջախջախվում է Հայաստանի պետականությունը, իսկ հայ ժողովրդին խրոխտ քայլերով տանում են ստրկության։

Հ.Գ. Ճիշտ հակառակը՝ այդ նույն Արևմուտքը կամ միջազգային հանրությունը Թուրքիային, այժմ նաև՝ Ադրբեջանին, հարգում է և հաշվի նստում նաև այն բանի համար, որ Թուրքիան աշխարհի քթի տակ 1974 թ. նվաճեց Հյուսիսային Կիպրոսն ու աշխարհում միակ պետությունը լինելով, ով ճանաչել է այն, պահում է իր ձեռքում՝ առաջիկա հազարամյակում այն հանձնելու որևէ ծրագիր չունենալով։

Նույնկերպ Հայաստանին աշխարհը հարգում էր և հաշվի նստում հենց Արցախի նվաճման համար։

Եվ վերստին կլինենք ոչ թե ագրեսոր, այլ տարածաշրջանային վագր ու բոլորի կողմից ընդունված, եթե սպանենք մեր մեջ ՀՀՇ-իզմ-նիկոլիզմն ու գծենք ա՛յ այս՝ իրական ու երկարատև խաղաղության քարտեզը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ