28 08 2022

«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության փոխտնօրենն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության փոխտնօրենն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով կալանավորվել են պահեստը շահագործող տնտեսվարողները, իսկ ձերբակալված «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության փոխտնօրենը՝ չի կալանավորվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Դատախազությունից տեղեկացրել են, որ քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել: Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել: Ավելին՝ Երևանի դատախազը միջնորդագիր է ներկայացրել՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էր չորս անձ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասի (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հատկանիշներով։

Ձերբակալվածների թվում է եղել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության փոխտնօրենը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Գործով կալանավորվել են ձերբակալված մյուս երեք անձինք, որոնք եղել են պահեստը շահագործողները. Նրանցից մեկը նույնպես մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուս երկուսը մեղադրվում են ՀՀ ՔՕ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ կյանքից զրկելու հատկանիշներով։

Հատկանշական է, որ, թեև դատախազությունը փաստացի արձանագրել է ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցների կողմից անգործությունը, նրանք գործով ունեն վկայի կարգավիճակ: Որեւէ իրավասու պաշտոնյայի նկատմամբ առ այս պահը ոչ միայն հետապնդում չի հարուցվել, այլ անգամ պաշտոնանկ չի արվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ