26 08 2022

Վարչապետի կինը դստեր հետ ներկայացում է գնացել

Վարչապետի կինը դստեր հետ ներկայացում է գնացել

Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին» սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

«Արփիի համար կրկնակի ոգեւորիչ է եղել միջացառման մասնակցությունը, որովհետեւ նա նշված մարզադպրոցի սանն է:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ու Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

Գարիկ Գրիգորյանն Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով սառցե շոուում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, նաեւ մարզիկներ՝ Հայաստանից:

Ըստ Գրիգորյանի՝ որպեսզի ներկայացումն ավելի ազդեցիկ լինի եւ հանդիսատեսն իրեն զգա իրական հեքիաթում, վառ ու գունեղ շոու ծրագրում օգտագործվել են եւ կրկեսային հնարքներ, եւ գեղասահորդների բարդ ցատկեր, եւ հատուկ պարային համարներ՝ սառույցի վրա։

Կայի ու Գերդայի ջերմ ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա ներկայացված է կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ