15 08 2022

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են․ ԱԻՆ պաշտոնյա

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են․ ԱԻՆ պաշտոնյա

Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան:

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշեց Արտյուշ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ գրանցվել է անհետ կորած քաղաքացների վերաբերյալ 20 ահազանգ, որից 4-ը վերաբերում են Իրանի քաղաքացիներին: Ահազանգը ստացվել է Իրանի դեսպանատնից:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնող թիմից»,-ասաց նա:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին կլինի վերջնական որոշում այդ հարցի հետ կապված: ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կա փլվելու վտանգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ