05 08 2022

ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք



Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց պետական գրանցման՝ հանքարդյունահանման ապօրինի հերթական դեպքը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում:

Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում:

Ծածկագրված, այնուհետև բացահայտ եղանակներով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ. Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2 հողակտոր և առանց  ընդերքօգտագործման իրավունքի ու առանց հարկային  մարմիններում  հաշվառման այդտեղ իրականացրել է  օգտակար հանածոյի արդյունահանման գործունեություն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հանքարդյունահանումը քաղաքացին կազմակերպել էր տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով, ընդ որում, հիմնականում երեկոյան ժամերին:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 16 հազար խմ ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում՝ այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ