28 07 2022

Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները տևել են 20 րոպե․ Արցախի ՄԻՊ

Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները տևել են 20 րոպե․ Արցախի ՄԻՊ

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։

Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։

Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։

Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ