28 07 2022

Երաշխիք չկա, որ մինչև թոշակի տարիքը կկուտակվի բավարար գումար, որ կապահովի բարեկեցիկ ծերությունը․ Պարսյան

Երաշխիք չկա, որ մինչև թոշակի տարիքը կկուտակվի բավարար գումար, որ կապահովի բարեկեցիկ ծերությունը․ Պարսյան

 Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․

Միֆ 1․ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երաշխավորում է բարեկեցիկ ծերություն

 Պարտադիր կենսաթոշակային համակարգի հեղինակները ժամանակին հայտարարում էին, թե այս համակարգի կիրառման դեպքում թոշակի գնացող մարդիկ կստանան բարձր թոշակներ, ինչը կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունը։

 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատանքային կարիերայի ընթացքում ունենում է շոկեր, այսինքն՝ որոշ ժամանակ պարտադրված չի աշխատում (բանակում ծառայելիս, հղիության ժամանակ և այլն), կորցնում է աշխատանքը, ցածր աշխատավարձ է ստանում և այլն, հետևաբար, որևէ երաշխիք կամ հաշվարկ չկա, ինչը կապացուցի, որ մինչև թոշակի տարիքը հասնելը քաղաքացին կկուտակի բավարար գումար, որը կապահովի իր բարեկեցիկ ծերությունը։ Միաժամանակ, առկա են ֆինանսական շուկաների տատանումներ, որոնք հյուծում, նվազեցնում են մարդկանց կուտակային միջոցները։ Դա է փաստում նաև միջազգային փորձը։

 Օրինակ՝ 1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2016 թվականին Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80%-ը ստանում է նվազագույն աշխատավարձից պակաս կենթաթոշակ, իսկ թոշակառուների 44%-ը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կյանքի ապահովման համար, և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո: Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70%-ից ոչ պակաս: Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղվածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ