23 07 2022

Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից. Արտակ Զաքարյան

Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է․

Միասնականության, քաղաքական առողջ մտքի, հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:

Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամներ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:

Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետև, ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:

Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն:

Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան: Այսօր էլ հետևողականորեն թուլացվում է Հայաստանի անվտանգությունը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի նիկոլից խաբված ընտրող ես ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր: Միևնույն է, հավասարապես տուժվելու ենք բոլորս: Զոհվելու, ունեցվածք ու կեցավայր են կորցնելու և՜ «նիկոլականները», և՜ անտարբերները, և՜ ընդդիմադիրները: Ցավոք այդպիսի իրավիճ են ստեղծել այսօրվա կապիտուլյացված իշխանությունները: Այդ պատճառով են նրանք մեղադրվում դավաճանության ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մեջ:

Սառը ուղեղով և առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացված էմոցիաները նույնքան վտանգավոր են, որքան միմյանց դեմ գործելու նեղ խմբային շահերը:

Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել:

Քաղաքականությունը` հնարավորի արվեստն է: Այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եվ կտեսնենք, որ միասնականության, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:

Վաղը, մյուս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենա այնպիսի` նույնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծվել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականություն, ազգային համերաշխություն ինչպես նաև նվիրյալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանություններ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ