Մայրաքաղաքում մեկնարկել է Դիմադրության շարժման իրազեկման երթը։ Կոմիտասի պողոտայից երթի մասնակիցները հասան ՀՀ քննչական կոմիտե, որտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ Հայաստանում իրավական կամայականությունների։
«Սա ՔԿ-ի գլխավոր մասնաշենքն է, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով բազմաթիվ մեր ընկերների նկատմամբ գործեր են բառացիորեն կարվել՝ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, առանց տեսանյութի՝ պարզապես մեր գաղափարակիցներին կալանավորելու համար»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց՝ չնայած այդ ամենին, նրանց պայքարի ոգին չի կոտրվել։
«Այս շենքից թող նայեն մարդկանց բազմությանն ու գիտակցեն, որ ապօրինի կալանավորումներով, ապօրինի քրեական գործեր կարելով՝ միայն խայտառակ են լինում։ Որպես իրավաբան՝ վատ եմ զգում, որ իմ գործընկեր մարդիկ կարող են այդպիսի բան անել։ Ամոթ է»,- ընդգծեց Վարդևանյանը։
Պատգամավորը նաև հայտարարեց․ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում Քննչական կոմիտեն գործելու է օբյեկտիվ․ այնտեղ այլևս գործեր չեն «կարվելու», մարդկանց ապօրինի չեն կալանավորելու։
«Այդ վարքագիծն այս շենքում չի լինելու»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը