NEWS.am-ը գրում է.
Շուռնուխ գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում երթեւեկել կառուցվող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն ավարտվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտվում ենք Մ2 ճանապարհից՝ գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,- ասաց Արշակյանը:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ թշնամին վերջին ամիսներում սադրանքների չի դիմում, չի հրահրում:
«Առաջվա համեմատ հանգիստ են: Հնարավոր է ինչ-որ մարտավարություն է՝ չեմ բացառում: Մեր բնակչությունն էլ հասկանում է իրավիճակը եւ հարմարվել է: Մեզ մոտ, եթե խաղաղ բնակչություն չլինի, մեր տղաները ագրեսիվ կարող են լինել: Բայց քանի որ ունենք ծերեր, կանայք եւ երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գյուղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները հանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ գյուղացիները շտապօգնության համար Կապանի հիվանդանոց, իսկ սննդի խնդիրը գյուղում լուծվել է:
«Հիմա արդեն գյուղի խանութն աշխատում է, բայց հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով է բերում սննունդը»,- ասաց Արշակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը