168.am-ը գրում է․ «Իրենք գիտեին՝ ես ընդդիմություն եմ հոգով և իրենց ենթարկվողը չեմ. կրճատման անվան տակ փորձեցին ինձնից ազատվել»,- 168.am-ի հետ զրույցն այսպես է սկսում Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը, որն օրերս ծանուցում է ստացել, որ ազատված է աշխատանքից:
Ի դեպ, դպրոցը, որտեղ 1988 թվականից աշխատել է մեր զրուցակիցը, հիմնադրել է նրա հայրը՝ Լևոն Մկրտչյանը: Հրաչյա Մկրտչյանն այժմ ստիպված է թողնել աշխատանքը, քանի որ տնօրինությունն այդպես է որոշել: Նկատենք՝ տնօրեն Գևորգ Մաղաքյանը 2019 թվականից է ստանձնել պաշտոնը. ինչպես հավաստիացնում են ճանաչողները՝ նա նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունի:
«Ես ազատատենչ մարդ եմ. ինչ-որ անձի, կոնկրետ ուժի կողմնակիցը չեմ, ուղղակի հայրենասեր եմ, Ցեղասպանությունը վերապրած երրորդ սերունդն եմ, և այժմ, երբ Երևանում բողոքի ակցիաներ են լինում, ամեն տեղ, եթե ժամանակս ներում է, ներկա եմ լինում, քանի որ հայրենասեր մարդ եմ: Որտեղ տեսնում եմ՝ հայրենասիրական խոսք է հնչում, այնտեղ կանգնած եմ լինում, եթե ժամանակս ներում է, որովհետև ինձ մեր երկրի ճակատագիրն անհանգստացնում է: Ինձ դուր չի գալիս այս քաղաքական կուրսը, ես 2018 թ. այդ թավշյա հեղափոխությանը չեմ մասնակցել, քանի որ գիտակցականս թույլ է տալիս հասկանալ՝ ովքեր են, ինչով են զբաղված: Ես անգրագետ մարդ չեմ. վերջապես 1988 թ.-ին ես մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, Կոնսերվատորիայի ուսանող եմ եղել, նստացույց եմ արել»,- պատմեց Հրաչյա Մկրտչյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ու գաղափարական տեսակետները: Ապա շարունակեց, որ իրեն աշխատանքից ազատելու հիմնական գործընթացը սկսվել է համայնքների խոշորացումից: Սկսեցին լուծարել հիմնարկները: Դրան պետք է հաջորդեր նույն հիմնարկների վերակազմակերպումն արդեն համայնքապետարանի ներքո:
«Մեզ ասացին՝ պետք է բոլորդ ազատման դիմումներ գրեք, հիմնարկը լուծարվում է, և հետո նորից դիմումներ կգրեք՝ ընդունվելու նոր համակարգի մեջ:
Ազատման դիմումը գրելուց հետո բոլորը հերթականությամբ աշխատանքի ընդունման դիմումները գրեցին, բայց հերթն այդպես էլ ինձ չհասավ. ինձ անընդհատ ասում էին՝ սպասիր, ու վերջում՝ ինձ այդպես էլ չկանչեցին:
Հետո ես տեղեկացա, որ բոլոր դիմումներն արդեն մակագրված են, բայց 5 հոգու անուն չկա»:
Նշենք՝ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցից արդեն նախկին ուսուցչին տվել են ազատման հրամանը, որում որպես ազատման հիմք է նշվել աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 ենթակետը՝ «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում»:
Դաշնամուրի ուսուցիչը ենթադրում է՝ քաղաքական հայացքները միակ դրդապատճառը չեն եղել տնօրինության համար. պատմում է, որ համավարակի օրերին նոր տնօրենի նախաձեռնությամբ որոշվել է երաժշտական դպրոցից անհայտ ուղղությամբ տանել համերգային երկու ռոյալները, որոնցից մեկը Վազգեն Վեհափառի միջնորդությամբ պատվիրվել էր Գերմանիայից, ինչը կանխվել է Մկրտչյանի գործուն միջամտությամբ.
«Կողքից ինձ լուրեր հասցրին, որ ուզում են ձեր դպրոցից դաշնամուրներ տանել և տեղն ուրիշ գործիք բերել: Բնականաբար, եթե գործիքն այդտեղից դուրս եկավ, էլ հետ չի գա: Ես ձայն բարձրացրի, արձագանքողների թվում էին նաև հին շրջանավարտները: Եթե ես չլինեի, ոչ միայն այդ մի ռոյալը դուրս կգար, այլ նաև մյուսը, իսկ այդ գործիքները մեծ արժեք ունեին»:
Մեր տեղեկություններով՝ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում վերահսկվում են «հակաիշխանական դրսևորումները»՝ անգամ ֆեյսբուքյան լայքերը. աշխատակիցներից շատերը չափազանց զգուշավոր են իրենց մեկնաբանություններում, պարզաբանումներում:
Քանի որ դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանն ավելի վաղ մեր լրագրողի հարցերին չէր պատասխանել, պատճառաբանելով, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, չանհանգստացրինք նրան: Իսկ Հրաչյա Մկրտչյանը վստահեցրեց՝ իր ազատմանը հաջորդելու են իրավական հետևանքներ. բողոքարկելու է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը