27 12 2023

Արցախից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում



 Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում. Նրանց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ: Այս մասին մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսհաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել.

«Ավելի քան 1800 ուսանողներ մեր բուհերում են իրենց կրթությունը շարունակում եւ շուրջ 1000 ուսանողներ՝ քոլեջներում: Բացի այդ մենք ունեինք ուսանողներ, որ ԼՂ-ից էին, բայց մեր ուսումնական հաստատությունների ուսանող էին: Նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կողմից, կամ իրենց ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել էին: Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 մարդ, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին, նախարարն ասաց, որ շուրջ 400 ուսուցիչ, որը բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ն է, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։

«Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ մարզերում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար: Ավելի քան 200 ուսուցիչ այս համակարգից օգտվել է»,-ասաց նախարարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ