Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել.
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։
Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։
Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը