Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը 2021թ․ հուլիսի 29-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` վկայի կարգավիճակով հարցաքննության, ինչի ընթացքում առգրավվել է լրագրողի բջջային հեռախոսը։
Հոխիկյանը առաջարկել է քննչական մարմնին կամովին տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները անտեսել են լրագրողի պատրաստակամությունը և առգրավել են հեռախոսը, որում եղել են անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ Այս առումով քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել է նաև լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։
Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերի մի շարք մանրամասներ, որոնք լույս են սփռում 44-օրյա պատերազմի մութ էջերի վրա, դրանք փաստացի ապացուցողական բազա են պարունակում, մինչդեռ ԱԱԾ-ն առգրավում է լրագրողի հեռախոսը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Սաթիկ Սեյրանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը