Ինչպես յուրաքանչյուր նորմալ երկիր, մեր երկիրը նույնպես ունի բյուջե, և ամեն գերատեսչություն ունի բյուջեով իր համար հաստատված գումար, հիմա ոստիկանությունն իրեն հատկացված գումարն ունի, մենք՝ մերը, մյուսները՝ իրենցը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ սահմանները նորմալ կահավորված չեն, զինծառայողները վրաններում են մնում, բայց ոստիկանությունն այստեղ պարգևավճարներ է ստանում:
«Ոչ մեկ ՊՆ գումարից չի վերցրել տվել ոստիկանությանը, կամ այլ կառույցի: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր երկրում միշտ առաջնային տեղում է ՊՆ-ն: Պետք չէ սահմանի որևէ խնդիր կապել ոստիկանության պարգևավճարի հետ»:
Ինչ վերաբերում է իր ստացած պարգևավճարին, թե վերջին անգամ երբ է ստացել, Սանոսյանն ասաց. «Կարծում եմ՝ վաղուց բոլորը գիտեն, թե ով որքան է ստանում: Ես իմը ծախսել եմ շատ հեշտ, քիչ է, արագ վերջանում է»:
Սանոսյանը հետո նեղսրտեց. «Ինչի՞ եք զարմանում, որ մենք աշխատավարձ ենք ստանում, մենք էլ մարդ ենք, ընտանիք ու էրեխեք ունեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը