27 05 2022

Գյուղմթերքն այս տարի թանկ է լինելու․ News.am

Գյուղմթերքն այս տարի թանկ է լինելու․ News.am

News.am-ը գրում է

Կարկտահարությունների եւ ցրտահարությունների հետեւանքով այս տարի նկատվելու է բերքի պակաս, որն էլ առաջացնելու է գյուղատնտեսական մթերքների գնի աճ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Կարկտահարության դեպքում ոչ միայն կա բերքի կորուստ, այլ նաեւ մնացած բերքի որակական վատացում, որն արդեն նշանակում է, որ բերքի պակաս է լինելու։ Գյուղմթերքի ինքնարժեքը կլինի բարձր, ինչն էլ նշանակում է, որ իրացման գինն էլ կլինի բարձր, այսինքն՝ գյուղմթերքը սպառողի համար կթանկանա։ Բացի եղանկային անբարենպաստ պայմաններից մի շարք գործոններ կան, որոնք բացասաբար են ազդել ոլորտի վրա։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նման սարսափելի գներ դիզվառելիքի շուկայում չեն եղել։ Բնական է, որ գյուղացու վրա, որն իր մշակումները կատարում է վառելիքի միջոցով, շատ վատ է անդրադառնալու։ Պարարտանյութն էլ իրենք սուբսիդավորել են ինձ համար անհայտ մեխանիզով, որովհետեւ 11-12 հազար դրամը թանկ գին է մեր գյուղատնտեսության համար։ Բացի սա որոշ թունաքիմիկատների թանկացել են»,- նշեց Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանի խոսքով՝  տեղում արված բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ Գեղարքունիքի մարզում կա հնդկացորենի ցրտահարություն, ինչը չի վերականգնվի, որովհետեւ ծիլերն արդեն դուրս էին եկել։

«Լոռիում եւ Շիրակում կարտոֆիլի ցանկատարածքներ են ցրտահարվել, որոնք հողից դուրս էին եկել։ Որոշ առումով վերականգնման տարբերակ կա, բայց դրա համար լրացուցիչ ծախսեր են պետք։ Վայքում եղել է կարկտահարություն, որի հետեւանքով պտղատուները վնասվել են։ Վնասվել են նաեւ ծիրանենիները, խաղողները եւ ընկուզենիները»,- առանձնացրեց Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունը միշտ էլ ունեցել է ռիսկեր, եղել են ցրտահարություններ, երաշտ, սակավ տեղումներ, կարկտահարություններ, որոնք վնասել են ոլորտին, սակայն պետությունը պետք է ունենար համապատասխան տեսչություն, որը կգնահատեր սպառնացող ռիսկերը եւ կչեզոքացներ դրանք։

«Պետությունը պետք է կարգավորեր սերմնացուների խնդիրը։ Այդ պարագայում, եթե ձեռք բերված սերմնարժեքը ցածր լիներ, ինքնարժեքը եւս ցածր լիներ։ Դիզվառելիքի արժեքի սուբսիդավորման դեպքում գյուղացուն այն կհասներ ցածր գնով։ Մեկ կոնկրետ օրինակ բերեմ՝ մայիսի 24-ին դադարացվել է կարկտահարության եւ ցրտահարության պայմանագրի կնքումն ապահովագրական ընկերությունների կողմից։ Անտրամաբանական է, որովհետեւ դեռեւս գյուղացին ցանք չի կատարել, որ ըստ դրա ապահովագրական պայմանագիր կնքի։ Պետությունը պետք է օպերատիվ լուծում ունենար այս դեպքի համար»,- ընդգծեց Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանն առաջարկում է, որ ստեղծված իրավիճակում պետությունը փորձի երկարաձգել ծրագրերի ժամկետները, կարգավորի դիզվառելիքի շուկան։

«Եթե կան պահուստային գումարներ, որոնցով պարգեւավճարներ են տալիս, թող գյուղատնտեսության լուրջ խնդիրներին արձագանքեն։ Գյուղացիները դեռ ունեն մշակման, բերքահավաքի աշխատանքներ, թող դիզվառելիքի հարցը կարգավորեն։ Այսօրվա դրությամբ գյուղատնտեսությունն անտեր վիճակում է։ Մի բան անում են, եթերով սփռում են, ու թվում է, թե ամեն ինչ լավ է»,- նկատեց Աշոտ Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանը կարեւորեց նաեւ ստացված բերքի երաշխավորաված իրացումը։

«Օրինակ եթե ծիրանը կարկտահարվել է, ապրանքային տեսքը ընկել է, այսինքն՝ արտահանումը չի եղել։ Կամ այն պետք է սովորական շուկայում վաճառվի կամ հանձնվի վերամշակվող ընկերություններին։ Սրանց մասին պետք է մտածի պետությունը եւ մենակ չթողնի իր գյուղացուն»,- ամփոփեց Հարությունյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ