Hraparak.am-ը գրում է․
«Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Մոլդովական եւ Թոթովենց փողոցների խաչմերուկում վերջիններս խախտել են հասարակական կարգը. հայհոյել եւ վիրավորել են անցորդներին, խոչընդոտել երթեւեկությունը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, բռնություն գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ եւ այլն, 1 անձ ձերբակալվել է: Կից ներկայացրել են տեսանյութ՝ դեպքի վայրից: Սակայն այն փաստում է բոլորովին այլ բան:
Ակնհայտ երեւում է, որ գործ ունենք դասական սադրիչի հետ. նշված մեքենայի վարորդը մեքենան ուղղակի մխրճում է խաղաղ ցուցարարների մեջ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Նրան չեն կանգնեցնում խաղաղ ցուցարարների՝ կանգ առնելու հորդորները: Դրանից հետո ցուցարարները կանգնեցնելու նպատակով ձեռքերով հարվածում են մեքենային, որը շարունակում է վարել՝ մարդկանց վրաերթի ենթարկելու վտանգը հաշվի չառնելով: Բայց, փաստորեն, գործ է հարուցվում ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ենթարկողի, այլ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Հայաստանում այսօր կատարվում են գործողություններ, որոնք կործանում են ոչ միայն Արցախը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը: Երկրի առաջին դեմքերի ձեռամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, բզկտվում է Հայաստանի տարածքը, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է սադրիչների կատարած գործողությունների հիման վրա քրեական գործեր հարուցելով: Այս կառույցի վարկանիշը գահավիժեց 2018-ի իշխանափոխությունից հետո: Այսօր այն դարձել է Փաշինյանի կամակատար մի գրասենյակ, որը կատարում է նրա անմիջական հրամանները, իսկ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին խոսելն անգամ անիմաստ է: Այս անհայտ երիտասարդը, որը Փաշինյանի շնորհիվ շատ արագ բարձրացավ վերեւ, ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի դիմադրության շարժումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը