19 05 2022

Նիկոլն իրավունք չունի մեր անունից բանակցելու․ «Դիմադրության» երթը կանգ առավ Լիտվայի նախագահի պատուհանի տակ



«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ «Ալեքսանդր» հյուրանոցի մոտ, որտեղ գիշերում է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ։

Իշխան Սաղաթելյանը նախ՝ հայտարարեց, որ այսօր Լիտվիայի նախագահի ծննդյան օրն է ու բոլորը շնորհավորեցին նրա տարեդարձը։

«Երեկ հրապարակել էինք նամակ, որտեղ հստակ ասված էր՝ Նիկոլը չունի մանդատ հայ ժողովրդի անունից միջազգային պետությունների հետ բանակցելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Վստահ եմ, որ Նիկոլը Լիտվայի նախագահին ասելու է՝ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մենք էլ լուրջ բռնի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունը իմանա, որ այս մարդը փորձում է երկրում հաստատել բռնապետություն, որը մենք թույլ չենք տալու։ Ժողովուրդը ոտքի է ելել պայքարի հանուն Արցախի, Հայաստանի ու հայ մարդու ապագայի, և ամենակարևորը՝ վաղն առիթ կլինի մեր խոսքն ավելի մոտիկից փոխանցելու, որ այն մարդու հետ, ում հրավերով դուք Հայաստանում եք, ով այդ այցը փորձելու է ծառայեցնել իր լեգիտիմության պատրանքին՝ ինքը լեգիտիմ չէ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ոստիկանական ուժերով հյուրանոցը շրջափակելու խնդիր չկա, հայտրարեց Իշխան Սաղաթելյանը, որովհետև մեր հարցը Լիտվայի նախագահի հետ չէ, այլ նրան հրավիրողը։

Ապա նա հարցրեց երթի մասնակիցներին՝ Նիկոլն իրավունք ունի՞ ձեր անունից բանակցելու, բոլորը միաբերան պատասխանեցին՝ ո՛չ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ